
ԱՄՆ-ը մերձավորարևելյան երկրներին կմատակարարի 13 միլիարդ դոլարի զենք

Defense News-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի ռազմական համագործակցության վարչությունը (DSCA) անցած 10 շաբաթվա ընթացքում մերձավորարևելյան երկրներից ստացել է ընդհանուր առմամբ 13 միլիարդ դոլարի սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնման պատվեր:
DSCA-ն այդ մասին արդեն իսկ իրազեկել է ԱՄՆ կոնգրեսին: Արդեն իսկ ստացվել է Սաուդյան Արաբիայի ու Իրաքի հետ գործարքներ իրականացնելու նախնական համաձայնությունը: Այդ երկու երկրները պատվիրել են ընդհանուր 11 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք: Դրանում Սաուդյան Արաբիայի մասնաբաժինը կազմում է 6.4 միլիարդ դոլար, իսկ Իրաքի մասնաբաժինը՝ 4.7 միլիարդ դոլար:
Ամերիկյան ռազմական արտադրանքի մյուս պատվիրատուներն են դարձել Կատարը, Լիբիան ու Քուվեյթը: DSCA-ի գնահատմամբ՝ վերոնշյալ երկրներին սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքար մղել ահաբեկչության դեմ Մերձավոր Արևելքում: