Գերմանիայում մեդիամրցանակ է շնորհվել թուրք ընդդիմադիրին՝ «լուռ բողոքելու» համար
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 34-ամյա թուրք ընդդիմադիր Էրդեմ Գյունդուզին շնորհվել է գերմանական M100 Media Award մեդիամրցանակ՝ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում բողոքի ֆլեշմոբ կազմակերպելու համար: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին, Պոտսդամում:
Ժյուրին ընդգծել է թուրք ընդդիմադիրի ներդրումը ինքնաարտահայտման, մարդու իրավունքների համար պայքարում և ոչ բռնի բողոքի դրական օրինակ ցուցաբերելում: M100 Media Award-ի ներկայացուցիչները որոշել են ընդգծել հենց Գյունդուզին նաև նրա համար, որ հասարակության ուշադրությունը բևեռեն Թուրքիայում անցկացված բողոքի ակցիաների վրա:
Գերմանացի լրագրողներն ընդգծել են, որ ֆլեշմոբը ստացել է «Կանգնած մարդ» անվանումը: Հունիսին և հուլիսին Գյունդուզը մի քանի շաբաթ հայտնվել է «Թաքսիմ» հրապարակում, դեմքով շրջվել է դեպի Աթաթուրքի անվան Մշակութային կենտրոնի ուղղությամբ և միայնակ լուռ կանգնել է մի քանի ժամ շարունակ:
Դրանից հետո Թուրքիայի տարբեր քաղաքներում նրա օրինակին են հետևել բազմաթիվ ցուցարարներ, իսկ «լուռ բողոքը» դարձել է ամառային հուզումների խորհրդանիշ: