Բաժիններ՝

Թուրքիայի Զինված ուժերը բացահայտում են եկեղեցիներն ու վանքերը

Akunq.net-ի փոխանցմամբ՝ Ազգային պաշտպանության նախարարության ծավալած աշխատանքների արդյունքում Թուրքիայում օրակարգային խնդիր է դարձել ռազմական շրջանները քաղաքից դուրս տեղափոխելու հարցը: Եթե ծրագիրը կյանքի կոչվի, ապա քաղաքներում «կանաչ տարածության վերջին մոհիկանները» ևս բետոնապատման վտանգի տակ են հայտնվելու:

Հայտնի չէ, թե ծրագրի արդյունքում այս կանաչապատ տարածքներն ինչ ճակատագիր կունենան, սակայն մի բան հաստատ է. ի հայտ են գալու տասնյակ եկեղեցիներ ու վանքեր, որովհետև Անատոլիայի (Արևմտյան Հայաստան- Ակունքի խմբ.) ամեն մի անկյունում գտնվող գրեթե բոլոր զորամասերում առկա են չգործող վանքեր կամ եկեղեցիներ:
Հայտնի է, որ I և II համաշխարհային պատերազմի տարիներին բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, որոնք այսօր փակ են հավատացյալների առջև, օգտագործվել են ռազմական նպատակներով:

Օրինակ՝ Թոփքափըի Սբ. Նիկողայոս եկեղեցին 1927 թ. հանձնվել է հայկական համայնքին: Իսկ Այվանսարայի Սուրբ Դիմիտրիոս Քանաբու և Բեյքոզի Սուրբ Փարասքեվի (Սուրբ Ուրբաթ-Ակունքի խմբ.) հունական եկեղեցիները II համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել են որպես զենքի պահեստ, այնուհետև` պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց, կրկին վերադարձվել է հունական համայնքին:
Մինչև վերջերս Անին հայ-թուրքական սահմանին մոտ գտնվելու պատճառով ռազմական գոտի էր համարվում: Այստեղ լուսանկարվելու կամ զբոսնելու համար անգամ պետք էր համապատասխան թույլտվություն ունենալ: Երբ 2004 թ. Թուրքիայի զինված ուժերը Անիում լուսանկարվելու և ֆիլմ նկարելու արգելքը հանեցին, Անիի համար նոր ժամանակաշրջանի սկիզբ դրվեց:

Ներկայացնենք Անիի պես իր այցելուներին սպասող որոշ եկեղեցիների պատմությունները:

Փանագիա Կամարիոտիսա վանք
Հայբելիայում գտնվող Բյուզանդական շրջանի վանքն ու եկեղեցին, որոնք օգտագործվում էին թուրքաբնակ հույների կողմից, 1942 թ. Ռազմածովային ուժերի կողմից օգտագործվել է նախ` որպես բաղնիք, այնուհետև` պահեստ: Քանի որ վանքը գտնվել է ռազմական գոտում, շատ բան հայտնի չէ նրա ճակատագրի մասին: Միայն 2012թ. մի ամսագրում հրապարակված նկարից երևում է, որ այն դեռ կանգուն է:

Բյուզանդական ժամանակաշրջանից մինչև 1942 թ. իր յուրահատուկ կառուցվածքային առանձնահատկությունը պահպանած Փանագիա Կամարիոտիսա եկեղեցու արևելքում գտնվում է Սուրբ Յանիս Փրոդրոմոս եկեղեցին: Վանքի ներսում 1831 թ. կառուցված թուրքաբնակ հույների առևտրի դպրոցի շենքը 1923 թ. հետո գործածվել է որպես հունական օրիորդաց որբանոց, իսկ այսօր օգտագործում են որպես ռազմածովային վարժարանի նախապատրաստական դպրոց:

Սուրբ Սարգիս եկեղեցի
Գտնվում է Իզմիրի (Մենեմեն) Էսաթփաշա թաղամասում: Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը ենթադրաբար կառուցվել է 19-րդ դարում, լքյալ վիճակում հայտնվելուց հետո սկսել են օգտագործել որպես զենքի պահեստ: Ուղղանկյունաձև նախագծված և սրբատաշ քարով կառուցված եկեղեցին կանգուն է մնացել մինչև մեր օրերը: Այժմ փակ է հավատացյալների առաջ:

Միլասի հունական եկեղեցի
Միլասի քաղաքապետարանի ինտերնետաին կայքէջում տեղադրված տեղեկության համաձայն՝ Սուրբ Օսիա Քսենին քրիստոնեությունը տարածել է Միլասի շրջակայքում: Նրա գերեզմանը գտնվում է Միլասում: XIX դարում Միլասի թուրքաբնակ հույները սրբի անվամբ եկեղեցի են կառուցել: Մուղլա-Միլասի այս եկեղեցին այժմ օգտագործվում է որպես զինվորական կազինո: Եկեղեցու դռան վրա հունարեն արձանագրություն կա:

Սուրբ Կոստանդինոս և Սուրբ Հելենա եկեղեցիները
Ժողովրդի շրջանում որպես Մեծ եկեղեցի հայտնի Կոնիա-Սիլլեի Սուբաշը թաղամասում գտնվող եկեղեցին գտնվում է ցանկապատված բակում: Համարվում է, որ եկեղեցին 327 թ. կառուցել է տվել հռոմեացի Կոստանդինոս կայսեր մայրը՝ Հելենան, Միքայել հրեշտակապետի անունով: Եկեղեցու վրա եղած արձանագրությունները թույլ են տալիս ենթադրելու, որ այն 1833 թ. հիմքից վերանորոգվել է, իսկ 1880 թ. ավելացրել են գմբեթը:
Իբրահիմ Հաքքը Կոնիացին նշում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին օգտագործել են որպես ռազմական պահեստ, բնակչության փոխանակումից հետո՝ որպես զինապահեստ, իսկ 1944 թ. այցելության ժամանակ եկեղեցին դատարկ և լքված վիճակում է գտել: 1998 թ. և 2002 թ. վերանորոգված կառույցը Կոնիայի նահանգապետարանը 2008 թ. հանձնել է Սելջուկլուի քաղաքապետարանին, որն էլ ևս մեկ անգամ վերանորոգել է եկեղեցին:

Սուրբ Հարիտոն վանք (Աքմանասթըր)
Կոնիայում Սիլլեի և Աքյոքուշի միջև Թեքելլի լեռան փեշերին տեղ գտած Ս. Հարիթոն վանքը՝ Աքմանասթըրը, կոչվել է նաև Էֆլաթուն վանք և Պողոս առաքյալի քարանձավ: Վանքը, որը գործել է մինչև բնակչության փոխանակումը, ռազմական գոտում գտնվելով, պահպանվել և մեր օրեր է հասել:
Իբրահիմ Հաքքը Կոնիացին պնդում է, որ Աքմանասթըրը սկզբում փռոիգիացիները որպես տաճար կառուցել են ջրերի փերի Սիլենի անունով, ահա այստեղից էլ գալիս է անվանումը: Ենթադրվում է, որ ժողովրդի շրջանում որպես Էֆլաթուն վանք հայտնի շինությունը, 274 թ. կառուցել են հեթանոս հռոմեացիների ճնշումներից խույս տված անձինք:

Սուրբ Կարապետ վանք
Գտնվում է Կայսերի Բահչելի (Էֆքերե) թաղամասի դիմացի լանջին: Երբեմնի կանգուն վանքից մեր օրեր են հասել միայն պատերի ավերակները, որոնք, գտնվելով ռազմական գոտում, փակ են այցելուների առջև:
Սուրբ Կարապետ հայկական վանքը, որը ժողովրդի շրջանում հայտնի էր Էֆքերեի Մեծ վանք, մինչև 20-րդ դարի սկիզբը համարվել է Կեսարիայի հայության հոգևոր կենտրոնը և արևմտահայության գլխավոր ուխտատեղիներից մեկը: 20-րդ դարի սկզբին եկեղեցին ունեցել է իր դպրոցը, ուսուցիչների համար նախատեսված հանրակացարան, ճաշարան, 200 ձեռագիր և 20 հազար գիրք ներառող հարուստ գրադարան ու հյուրանոց հիշեցնող 93 սենյակից բաղկացած հյուրատուն:

Սուրբ Նշան վանք
Սվազի Թեմելթեփե ռազմական գոտում գտնվող Սուրբ Նշան վանքը, որ քանդվել 1974թ. (1975) այդ շրջանի ամենանշանավոր հայկական եկեղեցիներից է եղել, որից ոչինչ չի մնացել: Միայն նրա 250 կգ կշռող զանգը Շուքրու Քանաթլը զորամասում օգտագործվում է որպես անձրևի ազդանշան:
Հայտնի է, որ 1020 թ. վանքը կառուցել է տվել իր հողերը բյուզանդացիներին թողած Վասպուրականի թագավոր Սենեքերիմը: 80 հազար հոգով Վանի շրջակայքից հեռացած և Սվազում բնակություն հաստատած Սենեքերիմը կամ կառուցել է տվել, կամ էլ վերանորոգել է Ս. Նշան վանքը:

Վանքի շրջակայքում գտնվող Թավրայում, որը նախկինում հայկական գյուղ է եղել, գտնվում է Ս. Հակոբ եկեղեցին: 1636-1638 թթ. կառուցված և բավականին պահպանված եկեղեցու պատերին նկարներ և հայերեն արձանագրություններ կան: Թավրա գյուղից ոչինչ չի մնացել, մինչդեռ Սուրբ Հակոբ եկեղեցին ամբողջական վիճակում մեր օրեր է հասել, քանի որ գտնվում է ռազմական շրջանում: Ըստ էության ռազմական շրջանի սահմաններն ավարտվում են եկեղեցուց վերև գտնվող բլուրի մոտ, և քանի որ հովտում, որտեղ գտնվում է եկեղեցին, զինվորականները հերթապահում են, առանց թույլտվության եկեղեցի անհնար է այցելել:

Էմրե Էրթանի
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Մանրամասն կարող եք կարդալ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս