Բաժիններ՝

Որքա՞ն արժե հիվանդասենյակը՝ ծննդօգնության հետ կապված բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում

Ըստ Իրավաբան.net-ի, ծննդօգնության ծառայությունների գծով պետական պատվեր իրականացնող բուժհաստատություններում ծննդաբերությունների հետ կապված բուժօգնության կազմակերպման գործընթացում թույլատրվում է մատուցել միայն հետևյալ ոչ բժշկական ծառայությունը.

անհատական (միայն մեկ ծննդաբերի/ծննդկանի համար նախատեսված) լրացուցիչ տարածքով և բարելավված պայմաններով հիվանդասենյակի տրամադրում, ներառյալ խնամողի համար համապատասխան պայմանների ստեղծումը (առանձին մահճակալ, հիգիենայի պարագաներ և այլն):

Վերոհիշյալ վճարովի ծառայության հետ կապված գները սահմանվում են բժշկական կազմակերպության տնօրինության կողմից, սակայն մեկ օրվա համար սահմանվող գները չեն կարող գերազանցել`

1) 20000 դրամը` լրացուցիչ տարածքով, հիմնանորոգված և բարելավված սանիտարա-հիգենիկ պայմաններով ու հագեցվածությամբ, 2 սենյակից բաղկացած հիվանդասենյակի համար` ներառյալ կնոջ և նորածնի համար անձնական հիգիենայի պարագաների և խնամողի համար մահճակալի ու պարագաների առկայությունը:

2) 15000 դրամը` լրացուցիչ տարածքով, հիմնանորոգված և բարելավված սանիտարա-հիգենիկ պայմաններով ու հագեցվածությամբ, 1 սենյակից բաղկացած հիվանդասենյակի համար` ներառյալ կնոջ և նորածնի համար անձնական հիգիենայի պարագաները և խնամքի համար անհրաժեշտ պայմանների առկայությունը` մահճակալ, պարագաներ և այլն:

3) 10000 դրամը` հիմնանորոգված և բարելավված պայմաններով 1 սենյակից բաղկացած հիվանդասենյակի համար` ներառյալ կնոջ և նորածնի համար հիգենայի պարագաները, առանց խնամակալի համար նախատեսված պայմանների:

Բժշկական կազմակերպության տնօրինությունը պարտավոր է վճարովի ծառայությունների գնացուցակը փակցնել բժշկական հաստատության ընդունարանում` տեսանելի վայրում և տեղադրել կազմակերպության կայքէջում:

Պետական պատվերի շրջանակներում ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններին ներկայացվում են առանձնահատուկ պահանջներ և պայմաններ:

Այն է.
1) ծննդաբերների և ծննդկանների համար նախատեսված վճարովի մահճակալների մասնաբաժինը չի կարող գերազանցել ծննդաբերական բաժանմունքի/ների մահճակալների ընդհանուր թվի 1/3-ը:

2) Վճարովի հիվանդասենյակները պետք է մատուցվեն պացիենտի (ծննդկանի /ծննդաբերի կամ նրա օրինական ներկայացուցչի) և բուժհաստատության միջև կնքվող պայմանագրի հիման վրա:

3) Հիվանդասենյակների վրա պարտադիր պետք է փակցված լինեն «վճարովի» կամ «անվճար» անշարժ ցուցանակներ:

4) Պետք է բացառվեն վճարովի հիվանդասենյակներից օգտվելու ուղղորդումը և/կամ անվճար պալատներում ազատ մահճակալների բացակայության պատճառով վճարովի պալատների առաջարկը: Նման դեպքերում բուժհաստատությունը պարտավոր է անվճար հիմունքներով տրամադրել վճարովի պալատ, մինչև անվճար պալատում տեղի ազատվելը:

5) Ծննդատան հիմնական մուտքերում, ընդունարանում և բաժանմունքում/ներում, տեսանելի տեղում պետք է փակցված լինի hայտարարություն, հետևյալի մասին.

ա. «Վճարովի հիվանդասենյակները տրամադրվում են միայն Ձեր ցանկությամբ և գրավոր համաձայնությամբ»
բ. «Խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք դիմել տնօրինությանը, իսկ դրանց չլուծման պարագայում դիմել ՀՀ Առողջապահության նախարարություն` 52-88-72 կամ 52-15-59 հեռախոսահամարներով»:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս