Քննությունն այդպես էլ չբացահայտեց՝ հարձակումը կատարվել է Պարույր Հայրիկյան քաղաքական գործչի՞, թե՞ քաղաքացու վրա. Ալ. Սիրունյան
Երևանի Կետրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում պաշտպանական ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: Նա նախ նշեց, որ իր ճառը կարող էր շատ կարճ լինել, կարող էր նշել միայն, որ Վարդան Սեդրակյանի առնչությունը դեպքին պարզապես հիմնավորված չէ և կարող էր խնդրել նրան ազատ արձակել, կարող էր ավելացնել նաև, որ նախաքննության և դատաքննության ընթացում ամբաստանյալները Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը տվել են հակասական ցուցմունքներ Վարդան Սեդրակյանի մասով: Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում գործով երկու ամբաստանյալներն ասել էին, որ Պարույր Հայրիկյանին վախեցնելու պատվեր տվել է Վարդան Սեդրակյանը, սակայն նախաքննության ընթացքում հայտնել են, որ Վարդան Սեդրակյանը գործի հետ կապ չունի: Ալ. Սիրունյանն ասաց, որ ինքը, սակայն, չի մտնի այդ բառախաղի մեջ: Նա նշեց, որ Սեդրակյանն այս գործի հետ որևէ կապ չունի. նա շարժառիթ չուներ Վ. Սեդրակյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու համար: «Այս պայմաններում եթե Վարդան Սեդրակյանին դատեն, վերևն Աստված կա»,- նշեց նա: Ալ. Սիրունյանն իր պաշտպանական ճառում ասաց, որ փաստ է՝ Պարույր Հայրիկյանի վրա կատարվել է հարձակում, սակայն քննությունն, ըստ նրա, այդպես էլ չբացահայտեց՝ այդ հարձակումը կատարվել է Պարույր Հայրիկյան քաղաքական գործչի՞, թե՞ Պարույր Հայրիկյան քաղաքացու վրա: Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ նույնիսկ եթե հարձակում կատարվել է Պարույր Հայրիկյան քաղաքական գործչի վրա, ապա քննությունը չի պարզել՝ դա արվել է Պ. Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելո՞ւ, թե՞ այլ նպատակով: Ալ. Սիրունյանի խոսքով՝ միայն այն, որ Պ. Հայրիկյանը նախագահի թեկնածու է, չի նշանակում, որ նրա վրա հարձակումը կատարվել է քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: Ըստ Վ. Սեդրակյանի պաշտպանի, քննությունը չի պարզել նաև՝ ում և ինչի համար էր ձեռնտու Պ. Հայրիկյանի վրա հարձակումը: «Նախանձելու բան էլ չկա, Սեդրակյանը որ նախանձեր, 48 տոկոս ձայն ունեցող թեկնածուին կնախանձեր»,- ասաց Ալ. Սիրունյանը: Ալ. Սիրունյանի խոսքով, քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածի մասին խոսք գնալ չի կարող. հենց այս հոդվածով է մեղադրանք առաջադրվել Վարդան Սեդրակյանին: Նա հռետորական հարց տվեց՝ արդյոք ոչ ոքի մոտ կասկած չի՞ առաջացնում այն հանգամանքը, որ բուն դեպքի զարգացումների մասին գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանն ու տուժող Պ. Հայրիկյանը երկու տարբեր պատմություններ են պատմում: Նա նշեց, որ եթե ամբաստանյալ Խ. Պողոսյանը Պ. Հայրիկյանին սպանելու նպատակ ունենար, դա կարող էր անել այն ժամանակ, երբ վերջինս տան շքամուտքից ետ էր վերադարձել, ավտոմեքենայից ցանկանում էր իր վերցնել. Խ. Պողոսյանը, ըստ Ա. Սիրունյանի, «արխային» կկրակեր մեջքից, Պ. Հայրիկյանը չէր հասցնի նույնիսկ գոռալ: Դատարանում գործով ամբաստանյալ Վ. Սեդրակյանի պաշտպանն ասաց, որ գործով մեղադրողին առավել դուրեկան են նախաքննական ցուցմուքները, դրանց որոշ մասեր. «Մենք գտնվում ենք դատարանում և ոչ թե գեղեցկության սրահում, հետևաբար պետք է առաջնորդվենք ապացույցներով, ոչ թե մեր ճաշակով»: