ՌԴ-ը դիտարկում է Թուրքիայի հետ զինվորական հուղարկավորությունների մասին համաձայնագրի վավերացման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունն այսօրվա նիստում դիտարկելու է Թուրքիայի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը՝ կապված երկու երկրների մասնակցությամբ հակամարտություններում զոհված զինվորների գերեզմանների վերականգնման հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Այդ համաձայնագիրը ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերի 3-ին, Ստամբուլում և ենթադրում է զինվորական գերեզմանոցների գտնվելու վայրերի ու ներկա իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակում, պատերազմների հետևանքով զոհված ու մահացած և երկու երկրների տարածքներում հուղարկավորված զինծառայողների անձնական տվյալների ու ցուցակների փոխանցում, ինչպես նաև հուղարկավորությունների մասին փաստաթղթերից օգտվելու հնարավորության ընձեռում:

Բացի այդ, համաձայնագիրը հստակեցնում է կողմերի փոխգործակցությունը հուղարկավորման, արտաշիրմման, ծախսերի ֆինանսական ապահովման և այլ հարցերի շուրջ:

Նշվում է, որ ներկայումս Ռուսաստանը տվալ ոլորտում համագործակցում է 12 երկրի հետ՝ Գերմանիա, Իտալիա, Ֆինլանդիա, Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա, Մոնղոլիա, Ճապոնիա, Չինաստան, Լատվիա: Դա կարգավորվում է միջկառավարական համաձայնագրերով:

Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրությունը 12 խոշոր պատերազմ է մղել Ռուսաստանի (1568-1570 (1572), 1676-1681, 1686-1700, 1710-1711, 1735-1739, 1768-1774, 1787-1792, 1806-1812, 1828-1829, 1853-1856 (Ղրիմ), 1877-1878, 1914-1917 (Առաջին համաշխարհային պատերազմ) դեմ:

Տեսանյութեր

Լրահոս