
Օբաման չի դիտարկում Սիրիայում լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելու հնարավորությունը. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի դիտարկում Սիրիայում լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելու հնարավորությունը:
Թերթի պնդմամբ՝ եթե ի հայտ գան սիրիական զորքերի կողմից քիմիական զենք կիրառելու մասին ապացույցներ, ապա ամերիկյան իշխանությունները մտադիր են սահմանափակվել երկրի երկօրյա հրթիռակոծմամբ:
ԱՄՆ նախագահական ապարատում թերթի աղբյուրները հայտնել էին, որ կարճաժամկետ հրթիռակոծությունը կրելու է դաստիարակչական բնույթ: Սպիտակ տանն այդ որոշումը համարում են իդեալական: ԱՄՆ-ը չի ցանկանում Սիրիայում խրվել շարունակական ռազմական գործողությունների մեջ, սակայն միևնույն ժամանակ ցանկանում է կանխել գազային հարձակումների կրկնությունը:
Թերթն ընդգծում է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են հրթիռակոծությունը սկսել համապատասխան հրամանը ստանալուց անմիջապես անց: Թևավոր հրթիռներով զինված նավերն արդեն իսկ դիրքավորվել են, քանի որ գործնականում քիմիական զենքի կիրառումից անմիջապես անց Օբաման Պենտագոնին հրամայել է պատրաստվել իրադարձությունների ցանկացած զարգացմանը: