Բաժիններ՝

Ադրբեջանի իշխանություններին տեսանյութերով վարկաբեկող Էլշադ Աբդուլաևի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանական միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Նա մեղադրվում է մարդու օրգանների առևտրով զբաղվելու (173.3 հոդված) և պաշտոնական լիազորությունները չարաշահելու (308.2 հոդված) մեջ:

Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Վերջինս ընդգծել է, որ Աբդուլաևի հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա, որում նշվել է, որ Աբդուլաևը մեղադրվում է մարդու օրգանների ապօրինի փոխպատվաստման գործընթացում ներգրավված լինելում, որում որպես դոնորներ են օգտագործվել Ուկրաինայի քաղաքացիները:

Հիշեցնենք, որ Էլշադ Աբդուլաևը գտնվում է Ֆրանսիայում վտարանդիության մեջ և նախորդ տարվա սեպտեմբերից հրապարակել է տասնյակ տեսանյութեր՝ Ադրբեջանի իշխող շրջանակների կոռումպացվածության մասին: Աբդուլաևը հայտարարել է, թե ունի 400 տեսանյութ, որոնց համացանցի միջոցով հրապարակելու է ժամանակի պահանջներին համապատասխան: Ըստ Աբդուլաևի՝ Ադրբեջանի իշխանությունների հովանու ներքո գործող հանցավոր խմբավորումն առևանգել է 52 մարդու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս