
Թուրքիան կարիք ունի նոր կառավարության. Քեմալ Քըլըչդարօղլու

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Աֆյոնքարահիսարի շրջանում խստապես քննադատել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վարած արտաքին և ներքին քաղաքականությունը.
«Թուրքիան աշխարհում մնացել է միայնակ, իսկ նրա կառավարությունը սկսել է կորցնել իր հանդեպ տածած վստահությունը: Տեսե՛ք, որ վեճի մեջ ենք մեր բոլոր հարևանների հետ: Իսկ ինչո՞ւ ենք վեճի մեջ: Մեզ ասում են, թե մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է մեր երկրի շահերը պատպանելուն:
Պարոն վարչապետը չի կարող գնալ մերձավորարևելյան որևէ երկիր: Նա ասում էր գնալու եմ Գազա, բայց գնա՞ց: Ասում էր նավատորմով եմ գնալու, մի՞թե գնաց: Նա չի կարող գնալ: Արդեն իր տան ճանապարհն էլ նորմալ չի կարողանում գտնել: «Գեզի» այգու դեպքերը նվազեցրին նրա վարկանիշը: Դա արեցին երիտասարդները:
Անհրաժեշտ է նոր ըմբռնում, մենք կարիք ունենք նոր ընտրությունների: Դրա համար պետք է միավորենք մեր ուժրը: Առաջիկայում (հաջորդ տարվա գարնանը) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են: Առաջին քննությունը հանձնելու ենք հենց այդ ժամանակ»: