
Բաշար Ասադը հիմար չէ, որ քիմիական զենք կիրառի ՄԱԿ-ի հանձնաժողովից 5 կիլոմետր հեռավորության վրա. Սալիհ Մուսլիմ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերի խոշորագույն կազմակերպության՝ «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) առաջնորդ Սալիհ Մուսլիմն իր դիրքորոշումն է հայտնել օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ.
«Նախագահ Բաշար Ասադը հիմար չէ, որ քիմիական զենք կիրառի Դամասկոսի մոտ՝ քիմիական զենքի կիրառումը հետաքննող ՄԱԿ-ի հանձնաժողովից 5 կիլոմետր հեռավորության վրա: Բաշար Ասադը չէր դիմի այդ զենքի օգտագործմանը, երբ նա հասկանում է, որ հաղթել է քաղաքացիական պատերազմում:
Քիմիական հարձակումը, որի մասին հայտնել է ընդդիմությունը՝ կառավարական զորքերին մեղադրելով հարյուրավոր մարդկանց սպանելու մեջ, ուղղված է եղել միջազգային արձագանք սադրելուն: Եթե հանկարծ ՄԱԿ-ի տեսուչները պարզեն, որ այդ քիմիական հարձակման հետևում կանգնած է ոչ թե Բաշար Ասադը, այլ՝ ընդդիմության զինյալները, ապա բոլորն անմիջապես կմոռանան այդ մասին»: