
Չի կարելի «գերանդու» տրամաբանությամբ սերունդներին միմյանց դեմ լարել. Ռոբերտ Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերջին ժամանակներս մի միտում է նկատվում` պարբերաբար մեր երկրի պրոբլեմները, խնդիրները, դժվարությունները, ստեղծված իրավիճակը, բոլոր վատ երևույթները, «դժբախտությունները» կապել ինչ-որ տարիքային խմբերի հետ:
Մեկ չգիտես ինչու ամբողջ մեղքը բարդվեց 50-60 տարեկաններին, հիմա էլ ըստ «Հրապարակ» օրաթերթի խմբագրականի` մի խոհափիլիսոփայական դիտորդ մեր երկրի վատ վիճակի մեղավոր համարում է 30-45 տարեկաններին…Այսպես որ գնա հերթը կհասնի նաև մսուր-մանկապարտեզների սաներին…
Լավ, ինչքան պարզունակ և մակերեսային պետք է ընկալել իրավիճակը, որպեսզի «գերանդու» մտածողությամբ նման մտքերի հանգես…Հետն էլ փորձես նույնիսկ «կուտ տալ», «ոգևորել», հրահրել այս կամ այն տարիքային խմբերին…
Ինչ մոլուցք է անընդհատ հասարակությանը, ՀՀ քաղաքացիներին, ժողովրդին փորձել բաժանել ըստ ծննդավայրի, ըստ հայրենակցական միությունների, ըստ կուսակցական-քաղաքական հայացքների, իշխանամետ, ոչ իշխանամետի, ռուսամետի, արևմտամետի, հայրենասերի, ոչ հայրենասերի…Հիմա էլ ըստ տարիքային խմբերի, ըստ աճող, «փթթող» կամ «փտող» սերունդների…
Որոշ «գիտունիկներ» ինչ են ուզում անել` անընդհատ սեպ խրելով, հասարակությանը բաժանելով, ատելություն սերմանելով, կռվեցնելով, հակամարտության մեջ մտնելով, միմիանց վարկաբեկելով, ցեխ շպրտելով…
Սերունդներին լարել իրար դեմ, ասել` սա լավն է, քան մյուսը, անշնորհակալ և անօգուտ գործ է: Յուրաքանչյուր սերունդ ունի իր դերը, իր նշանակությունը, իր խնդիրները, իր ձեռքբերումները, նվաճումները, վաստակը: Ինչու չէ նաև սխալներն ու բացթողումները…
Դարեր շարունակ այդպես եղել է, այդպես էլ կշարունակվի…
Մենք պետք է լինենք միասնական` բոլորս, անկախ տարիքից, բոլորս միասին…Մենք միասին ենք, մենք մի ընտանիք ենք, մեկ ազգ, մեկ ժողովուրդ ու մեր ընտանիքում թշնամի, մեղավոր փնտրելու փոխարեն պետք է միասնական, ձեռք-ձեռքի տված ապրենք, ստեղծենք, արարենք, պայքարենք և հաղթենք…»: