
Մեր զինվորականները որևէ անելիք չունեն Աֆղանստանում. Նինո Բուրջանաձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի թեկնածու, «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն Վրաստանի արևելքում ընկած Կախեթիի շրջանում հանդիպել է ընտրողների հետ:
Իր ելույթում Բուրջանաձեն կարևորել է Աֆղանստանից վրացական ռազմական կոնտինգենտի դուրս բերում. «Մեր զինվորականները որևէ անելիք չունեն Աֆղանստանում: Ես կարծում եմ, որ մեկ տարին բավական էր, որպեսզի դուրս բերվեր մեր 1500 հոգանոց կոնտինգենտը, սակայն Վրաստանի նոր իշխանությունները չարեցին դա, և դրա հետևանքով մենք կորցրեցինք 20 երիտասարդ:
Վրաստանը չունի 1500 զինվորականի թնդանոթի մսի վերածելու հնարավորություն: Բավական էր Աֆղանստան մի քանի զինվորական ուղարկելը: Բալթյան երկրներն այնտեղ են ուղարկել 5, 10, 15 մարդ, իսկ մենք՝ 1500 մարդ»:
Բուրջանաձեն ուշադրություն է հրավիրել նրան, որ Աֆղանստանում ծառայող այլ երկրների զինվորականներն ամսական ստանում են 10.000 դոլար, իսկ վրացիները՝ ընդամենը 1000 դոլար. «Եթե ՆԱՏՕ-ն մեր ընկերն է, ապա թող զինվորականներին վճարի նույն սակագնով»: