PKK-ն որոշել է զենքը թողնել «գյուղական պահապաններին»
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) նոր ռազմավարություն է մշակել: Այդ մասին նշված է Ժանդարմերիայի ու Անվտանգության ծառայության պատրաստած համատեղ զեկույցում, որն ուղարկվել է վարչապետական ապարատին, ներքին գործերի նախարարությանը, Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) ու Գլխավոր շտաբին:
Զեկույցում նշված է, որ PKK-ի նոր նպատակն իր զենքը գյուղական պահապաններին (PKK-ի դեմ պայքարում ներգրավված վարձկաններ) թողնելն է: Դրանով իսկ գյուղական պահապանները կներկայացնեն սպառնալիք, ինչը մասնավորապես վերաբերում է Շըրնաքին, Դիարբեքիրին, Վանին, Բինգյոլին ու Քասրիքին:
Բացի այդ, PKK-ը զենքը թողած գյուղական պահապաններից գանձելու է 20.000-40.000 լիրա տուրք (1 դոլարը հավասար է 1.98 լիրա): Զեկույցում անդրադարձ է կատարվել վերջին շրջանում PKK-ի համար գերեզմանոցների կառուցմանը, ինչի համար միայն օգոստոսին հավաքվել է 20.000 լիրա:
Հիշեցնենք, որ սրանից առաջ գյուղական պահապաններն անհանգստություն էին հայտնել, որ PKK-ի հետ իշխանությունների հաշտվելուց հետո երկրում կարող է սկսվել արյունոտ վրեժխնդրության ժամանակաշրջան, և որ PKK-ականները կարող են վրեժխնդիր լինել իրենցից: