«Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա մրցույթում առաջին տեղն զբաղեցրեց Երևան քաղաքը (տեսանյութ, լուսանկարներ)
«Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլին և հանդիսավոր փակմանը մասնակցելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտ եկավ ՀԱՕԿ-ի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի ուղեկցությամբ:
Ներքևում արդեն նրանց էին սպասում բոլոր մարզպետները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Մինչ նախագահի գալը յուրաքանչյուր մարզպետ մոտենում էր իր թիմին, ոգևորում, զրուցում նրանց հետ:
«Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթն անցկացվել է երեք փուլերով չորս տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում: Տասներորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին մասնակցել է 2041 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից՝ նախորդ տարվա 1475 ընտանիքի փոխարեն: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և Արցախի 144 ընտանիք: Հոբելյանական տարվա համար առաջին անգամ գրվել էր մրցույթի հիմնը, որը հնչեցվեց:
«Շնորհավորում եմ մարզական ընտանիք մրցույթի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին: Ցանկանում եմ, որ բոլորդ միշտ լինեք այդքան հաջողակ, ուժեղ և առույգ: Շնորհավորում եմ, իհարկե, բոլոր մասնակիցներին: Այստեղ տիրող տրամադրությունն ինձ հուշում է, որ Ծաղկաձորում հիմա օլիմպիական մթնոլորտ է: Ինչպես գիտեք, օլիմպիական կարգախոսն ասում է, որ կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը»,-իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, մրցույթի կազմակերպիչ Խաչիկ Ասրյանը հոբելյանական տասներորդ անգամ անցկացվող ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի կազմակերպիչների կողմից Սերժ Սարգսյանին հանձնեց գավաթ՝ ի նշան երախտագիտության: Հաղթող ընտանիքներին վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ հանձնեց Սերժ Սարգսյանը: Առաջին անգամ հատուկ գավաթներ տրվեցին ընդհանուր հաշվարկներով մրցությում առավելագույն միավորներ հավաքած մարզերի ղեկավարներին: Երրորդ տեղում Շիրակի մարզն էր, երկրորդ տեղում՝ Կոտայքինը, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցրեց Երեւան քաղաքը: Ֆելիքս Ցոլակյանին, Կովալենկո Շահգելդյանին և Տարոն Մարգարյանին նույնպես գավաթները հանձնեց Սերժ Սարգսյանը: Իսկ վերջում ավանդական քոչարին պարեցին բոլոր մասնակիցները:
ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ