Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին (լուսանկարներ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ներկա է գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
«Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթն անցկացվել է երեք փուլերով չորս տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում: Տասներորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին մասնակցել է 2041 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից՝ նախորդ տարվա 1475 ընտանիքի փոխարեն: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և Արցախի 144 ընտանիք:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից ստացել են նաև մարզահագուստներ և հուշանվերներ:
«Շնորհավորում եմ մարզական ընտանիք մրցույթի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին, ցանկանում, որ բոլորդ միշտ լինեք այդքան հաջողակ, ուժեղ և առույգ: Շնորհավորում եմ, իհարկե, բոլոր մասնակիցներին: Այստեղ տիրող տրամադրությունն ինձ հուշում է, որ Ծաղկաձորում հիմա օլիմպիական մթնոլորտ է: Ինչպես գիտեք, օլիմպիական կարգախոսն ասում է, որ կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ուրախությամբ փաստելով այն հանգամանքը, որ մեր հանրապետությունում կան հազարավոր ընտանիքներ, որոնց անդամները կարևորում են առողջ ապրելակերպը, սիրում են մրցակցել, և որտեղ աճում է առողջ սերունդ: Հանրապետության Նախագահի խոսքով, մարդը չի կարող առանց ամուր և համերաշխ ընտանիքի լիարժեքորեն դրսևորվել, հետևաբար հասարակությունը, որի հիմքն առողջ և ամուր ընտանիքը չէ, ըստ Նախագահի, չի կարող լավ ապագա ունենալ:
Գոհունակությամբ ընդգծելով այն փաստը, որ տարեցտարի մեծանում է մրցույթին մասնակցող ընտանիքների թիվը՝ 54 ընտանիքից հասնելով 2041-ի, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ թիվն էլ է պետք մեծացնել. «Մենք պետք է ունենանք տասնյակ հազարավոր ընտանիքներ, բայց պետք է այդ շրջանակը ևս ընդլայնենք և հնարավորություն տանք, որպեսզի այս մրցույթին մասնակցեն նաև հաշմանդամ ունեցող ընտանիքները: Սա չափազանց կարևոր է, որովհետև այդ մարդիկ էլ են մեր հասարակության լիարժեք անդամները, և նրանց էլ է պետք հնարավորություն տալ իրենց կարողությունները ցուցաբերելու, իրենց մասնակցությունն ունենալու այս կարևոր միջոցառմանը»:
Հոբելյանական տասներորդ անգամ անցկացվող ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի կազմակերպիչների կողմից Նախագահ Սերժ Սարգսյանին հանձնվել է գավաթ՝ ի նշան երախտագիտության: