
Արգիշտի Կիվիրյանը գրավոր հաղորդում է ներկայացրել` ոստիկանության մեքենայում իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ

Ոստիկանները հաղորդում են ընդունել «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանից՝ նախօրեին ոստիկանական մեքենայում նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել է փաստաբան Երվանդ Վարոսյանը, Արգիշտի Կիվիրյանն ու նրա ներկայացուցիչ փաստաբանները կսպասեն հաղորդման առնչությամբ հետագա զարգացումներին և ըստ իրավիճակի կկողմնորոշվեն:
Ե.Վարոսյանը հայտնել է նաև, որ նախօրեին՝ ուշ գիշերը, Արգիշտի Կիվիրյանը հիվանդանոցից տուն է գնացել՝ թեև բժիշկները նրան խորհուրդ էին տալիս մնալ հիվանդանոցում, սակայն ծեծի հետևանքով գլխուղեղի ցնցում ստացած Ա.Կիվիրյանը հայտնել էր բժիշկներին, որ իրեն ավելի հանգիստ կզգա տանը: Ա.Կիվիրյանը, հիվանդանոցից տուն տեղափոխվելու պահին տառապում էր սրտխառնոցից: