Բաժիններ՝

Ցմահ դատապարտված. «Ես մարդասպան չեմ»

Նուբարաշենի ք/կ հիմնարկից «168 ժամ» թերթին նամակ է հասցեագրել ցմահ դատապարտված Արարատ Մուրադխանյանը: Հիշեցնենք, նրան ցմահ դատապարտել են 2002 թ. իր պարտապան Լյովա Մեհրաբյանին և նրա հարազատներին սպանելու մեղադրանքով: Արարատ Մուրադխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա իր գործը քննելու խնդրանքով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ որոշմամբ` Հայաստանում խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածը և ցմահ դատապարտյալ Արարատ Մուրադխանյանը 2004- 2007 թթ. անօրինական կերպով է կալանքի տակ պահվել: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Ա. Մուրադխանյանին վճարել 6000 եվրո: Սակայն Արարատ Մուրադխանյանը ցայսօր անազատության մեջ է: Ստորև ներկայացնում ենք նրա նամակը:

«Ես չունեմ և ոչ մի առնչություն այն հանցագործության հետ, որի կատարման համար ինձ ցմահ ազատազրկման են դատապարտել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 05.06.12 վճռով հիմնավորվել է, որ իմ վերաբերյալ քր.գործը քննելիս Հայաստանի դատարանը թույլ է տվել մարդու իրավունքի խախտում: ՄԻԵԴ վճռի հիման վրա բողոք եմ ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան` բարձրացնելով ինձ կալանքի տակ պահելու մասին որոշումների վերանայման, վարույթ հարուցելու և դրանք բեկանելու հարցը: ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքը 21.06.13թ. վարույթ է ընդունել:
Այսինքն` գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին 16.12.05թ. որոշումը` կալանքի մասով, ևս ենթակա է վերանայման: Այդ որոշմամբ` ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը ժամանակին ճանաչել է հանցագործությանն իմ մասնակցության մասին հետևության հանգելու անհնարինությունը, միաժամանակ անփոփոխ թողել իմ կալանքը: Սա չլսված դեպք է, երբ դատարանը կարգադրում է կալանքի տակ պահել անձի, ում մեղավոր չի ճանաչում:

Իմ կալանքն անօրինական է դեռ կիրառելու պահից, որովհետև քր.գործում բացակայում է հանցագործության կատարման մեջ ինձ մեղադրելու հիմք տվող հավաստի ապացույց: Ավելին, ինձ անօրինական անազատության մեջ պահելու հետ կապված դատական սխալները չեն սահմանափակվում եվրոկոնվենցիայի նորմերի խախտմամբ. այդ սխալներով ՀՀ դատական իշխանությունները հակասության մեջ են մտել ՀՀ Սահմանադրության հետ:

ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2007թ. լրացուցիչ նախաքննության ընթացակարգը համարվել է հակասահմանադրական: Հետևաբար, գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին 16.12.05թ. որոշման կայացմամբ և համապատասխան ընթացակարգի կատարմամբ իմ վրա տարածվել է հակասահմանադրական օրենքի ուժը: Սկզբնական նախաքննությամբ ստացվածը 16.12.05 որոշմամբ դատարանը ճանաչել է մեղադրանքի հիմքում դնել անթույլատրելի ապացույցներ, իսկ լրացուցիչ նախաքննությամբ ստացվածը պետք է անպայման ճանաչվի իրավաբանական ուժ չունեցող, որովհետև ձեռք է բերվել հակասահմանադրական ընթացակարգի արդյունքում:

Հետևաբար, մեղադրական դատավճիռը, որն իմ նկատմամբ կայացվել է 24.09.07թ. և օրինական ուժի մեջ մտել, անօրինական է, իսկ դատավճռի և կալանքի տակ պահելու մասին որոշումների ընդհանրությունն այն է, որ դատավճիռը հիմնված է այն նույն ապացույցների վրա, որոնք ավելի վաղ իբրև նյութաիրավական հիմք են ծառայել եվրոդատարանի կողմից այլևս անօրինական ճանաչված կալանքի համար, արհեստական ապացույցներ են` սարքած անլուրջ պարզունակությամբ, ամենավատ ճաշակով: Օրինակ` մեկը մյուսից արտատպված և տարբեր վկաների վերագրած հարցաքննության արձանագրություններ:

Վերանայման ենթակա մյուս` 27.02.06թ. և 04.05.06թ. որոշումները, որոնցով ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը հետ է վերադարձրել Վերաքննիչ դատարանի որոշումների դեմ իմ բողոքները, վկայում են բողոքարկված որոշումների հիմնավորվածության և օրինականությունը ստուգել չցանկանալու մասին, ինչը վկայում է, որ ինձ կալանքի տակ պահելու ոչ մի հիմք չկա:

Առանց մեղադրանքի հիմնավորվածության ու ապացույցների` շարունակում են ինձ անազատության մեջ պահել չկատարածս հանցանքի մեղադրանքով: Եվրոկոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով ես ստացել եմ ազատվելու և իմ կալանքի իրավաչափության դատաքննության իրավունք: Ելնելով վերոշարադրյալից` խնդրում եմ ՀՀ վճռաբեկ դատարանի ուշադրությունը հրավիրել իմ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը օբեկտիվ և բազմակողմանի դատաքննության առարկա դարձնելու անհրաժեշտության վրա` ինձ կալանքի տակ պահելու համար իբրև նյութաիրավական հիմք դիտարկված ապացույցների օրինականության տեսանկյունից»:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս