Բաժիններ՝

Ինչպես են Քեմբրիջի շրջանավարտն ու իր ընկերները հայտնվել «Նուբարաշեն»-ում. Նոր մանրամասներ

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործի վերաբերյալ նախօրեին Panorama.am-ի հրապարակումը մեծ աղմուկ էր բարձրացրել և առաջացրել հասարակության լայն շրջանակների դժգոհությունը իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ:

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ մեկնարկած դատավարությունը հետաձգվել է՝ ամբաստանյալ Արթուր Քլյանի կողմից մեղադրական եզրակացությանը ծանոթ չլինելու պատճառաբանությամբ: Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 26-ին:

Մինչ այդ, ներկայացնենք նոր մանրամասներ` ինչպես է մեղադրանքն առաջադրվել և ինչպես են տղաները հայտնել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

Կայքը նշում է, որ, ըստ պաշտոնական մեղադրանքի՝ Արամ Մուղալյանը այս տարվա հունվարի 6-ին ժամը 01.30-ի սահմաններում, իր ընկերներ Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի և Արթուր Քլյանի հետ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են իրենց անծանոթ` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Փաշոյի Խուդոյանի տանը հարակից տարածքում գտնվող վերջինիս պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս. Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում, հրճվել դրանով և «ԲՄՎ» մակնիշի 32 ԼԼ 526 հ/հ-ի ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Նույն գործողությունը, ըստ մեղադրական եզրակացության, նույն անձանց կողմից կատարվել է ևս 3 անգամ, վերջինը` մարտի 29-ին:

Կարդացեք նաև

Այդպիսով, ազգույթամբ եզդի գյուղացուն, դարձյալ ըստ մեղադրական եզրակացության, պատճառվել է 36 հազար դրամի նյութական վնաս, քանի որ ծխահարման արդյունքում վնասվել է 30 հակ (անասնակեր): Մի դրվագում էլ «տուժող» է համարվում անասնակերի դեզը պահպանող շունը, և մեղադրական եզրակացության համաձայն, հունվարի 19-ին «դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզին հարակից տարածքը և դեզի մոտ կապված շանը` գույքային վնաս պատճառելով սեփականատիրոջը»: Այսպիսով, Նրանք մեղադրվում են խուլիգանության (ՀՀ Քր. Օր. 258 հոդված) և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձի (ՀՀ Քր. Օր 34-185 հոդված) համար:

Արամ Մուղալյանի պաշտպան Վահե Գաբրիելյանը Panorama.am-ին ներկայացնելով նախաքննական մարմնի` Արմավիրի ոստիկանության քննչական բաժնի թույլ տված թերությունները, ասաց, որ գործը միակողմանի է քննվել, այսինքն` քննվել է մեղադրանքը ապացուցելու համար, այլ ոչ թե այն հերքելու:

Տուժող Սիաբանդ Խուդոյանը, նրա հարազատները, ինչպես նաև վկաները, փաստաբանի փոխանցմամբ, սկզբում տված բացատրություններում նշել են, որ գույքային վնաս չեն կրել և իրենք ոչ մի դժգոհություն չունեն, սակայն որոշ ժամանակ անց, ազգությամբ եզդի, Նորապատ գյուղի բնակիչը փոխել է բացատրության բովանդակությունը և ասել, որ իրեն պատճառվել է գույքային վնաս, շունը նույնպես վնասվել է:

Նախաքննական մարմնի թույլ տված սխալը, ըստ փաստաբանի, այն է, որ չի պարզվել` ինչով է պայմանավորված հակասությունը, ինչն է պատճառը, որ գյուղացին նախկինում այլ բովանդակությամբ բացատրություն, ցուցմունք է տվել, իսկ հետո փոխել: Բացի այդ, փաստաբանի ներկայացմամբ, նախաքննությունը չի պարզել, թե որտեղ է 30 հակ անասնակերը, որտեղ է գյուացին թափել այն, և հետևաբար փորձաքննություն չի անցկացվել` պարզելու ինչից է այն փչացել:

Կայքի հարցին, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել գյուղացու ցուցմունքների փոփոխությունը, Վահե Գաբրիելյանը պատասխանել է. «Կողմնակի անձանց միջնորդությամբ: Մասնավորապես, կարող եմ ենթադրել, որ դա արել է նախաքննության մարմինը, քանի որ ո՞վ է շահագրգռված մեղադրանքը ապացուցելու հարցում, եթե ոչ իրենք»:

Ընդհանուր առմամբ, Գաբրիելյանի գնահատմամբ, նախաքննական մարմինը չի կարողանում ապացուցել առաջադրված մեղադրանքը, որևէ ուղղակի ապացույց չկա, գործում կան միայն հակասություններ: Նախաքննական մարմնի գործունեության շատ սխալներ փաստաբանը ձեռնպահ է մնում հանրայնացնել` զուտ մարտավարական նկատառումներից ելնելով:

Նորապատ գյուղում կատարվածի վերաբերյալ ոստիկանության լրատվական ծառայությունը մի տեսանյութ էր պատրաստել «Հրկիզում Արմավիրի Նորապատ գյուղում» անվանումով, որը հրապարակվել էր ապրիլի 13-ին: Տեսանյութում նշվում է, որ խոտը հրկիզել են «սերիական, մոլագար հրկիզողները», և ոստիկանների երկար որոնումներից հետո հաջողվել է պարզել «մոլագար հրկիզողներին», այսինքն` Մուղալյանին ու նրա ընկերներին:

Փաստաբանն ասել է, որ Արամին ու մյուս տղաներին բերման են ենթարկել ոստիկանություն և առանց պաշտպանի ներկայության՝ բացատրություն վերցրել նրանցից: Իսկ բացատրությունն էլ, ինչպես պաշտպանն ասաց, ուղղորդված է եղել քննիչի կողմից և ճնշման արդյունքում տղաները իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են փոխանցել: Տղաներից մեկը` Ռոբերտ Փիլոյանը, նույնիսկ հայտարարել է, թե իր նկատմամբ բռնություն է գործադրվել, սակայն նրա հաղորդմանն ընթացք չի տրվել:

«Նախաքննության մարմնին հայտարարություն ենք տվել, որ Արամ Մուղալյանի բացատրությունը քննիչի կողմից թելադրված է եղել ու ճնշման արդյունք է եղել, բայց որևէ գործողություն չեն կատարել այդ հայտարարության վերաբերյալ, ինչը ցույց է տալիս նրանց միակողմանի քննության մասին: Այդ տեսագրությունը խաբեությամբ է կատարվել, մասնավորապես խաբեությամբ, թելադրանքով իմ պաշտպանյալին բացատրություն գրել են տվել, հետո ասել են, թե այդ տեսագրությունը մեր արխիվի համար է, չի հրապարակվելու: Նաև շահարկումներ են եղել` ասելով, որ բացատրություն տալու դեպքում կարող է տուն գնալ»,- նկատել էփաստաբան Գաբրիելյանը` նշելով, որ իր պաշտպանյալը հավատացել է ու երբևէ չի պատկերացրել, որ այդ օրը կընկնի:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս