Հովիկ Աբրահամյանն արձագանքել է՝ «Վայ, էլի՞, էլի՞ Պարույր Հայրիկյանից է սկսվում»

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր` Հայաստանի Անկախության հռչակագրի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում խոսեց այդ փաստաթղթի նշանակության մասին` որոշ քաղաքական գործիչների, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչներին մեղադրելով Հռչակագրի գաղափարները «դավաճանելու» մեջ:

Անդրադառնալով Անկախության հռչակագրում հռչակված կարևորագույն կետերից մեկին` ժողովրդավարության հաստատմանն ու զարգացմանը, Հայրիկյանը նշեց, որ Հայաստանը դեռևս հեռու է այդ նպատակի իրականացումից, սակայն իր կողմից արեց առաջարկ`նշելով, որ ասպարեզ է իջեցրել իր «Ազատ Հայաստան» ծրագիրը և  «Բացարձակ ժողովրդավարություն» գիրքը, որն, իր խոսքերով, հավանության է արժանացել 6 քաղաքական ուժերի կողմից:

«Մասնագետներն, այդ նախագծին ծանոթ լինելով, արդեն այդ համակարգը կոչում են «հայկական նավթ», որովհետև շատ լավ հասկանում են` ժողովրդավարությունը շատ ավելի մեծ արժեք է, քան նավթը, գազը և մնացած բոլոր հարստությունները` միասին վերցրած»,- ասաց Պ. Հայրիկյանը:

Նա նշեց, որ նախնական տարբերակներում իր գիրքը կոչել է «Կատարյալ ժողովրդավարություն», սակայն հետո այն անվանել է «Բացարձակ ժողովրդավարություն», թեև քաղաքագիտության մեջ «բացարձակ» եզրը («բացարձակ միապետություն» կամ «բացարձակ բռնապետություն») օգտագործվում է բացասական իմաստով:

Կարդացեք նաև

«Ես խորապես համոզված եմ, որ այս համակարգի դեմ խաղ չկա այն պատճառով, որ երբ ներկայացրի կուսակցություններին, պատկերացրեք (այդպիսի բան հայ իրականության մեջ շատ քիչ է լինում), միանգամից 6 կուսակցություն համաձայնեց, որ դա իսկապես բացարձակ արժեք է, և նրանք դարձան համահեղինակ: Ներկայացված մյուս կուսակցությունները, կա´մ իրենց մեծամտությունն էր խանգարում, կա´մ բարդույթը, որ «էս ո՞նց եղավ` էլի Հայրիկյանը», դրա համար մինչև վերջ չարձագանքեցին: Քննարկել ենք «Ժառանգությունում», հավանել են, բայց Րաֆֆին որևէ բան ընդունելու ընդունակ չէ, եթե ուրիշն է առաջարկում, իր առաջարկն էլ ինքը չգիտի` ինչն է, դրա համար հասկանում եմ և կիսում նրա դժվարությունները…

Դաշնակցությունը ստացավ գրականություն և մնաց լուռ: Ինչ վերաբերում է իշխանություններին, Ազգային ժողովում հարցը քննարկվել է, միայն դրական կարծիք, նաև Հովիկ Աբրահամյանի հիացմունք, թե՝ «էս նախաձեռնողն ո՞վ է», և երբ Խոսրով Հարությունյանն ու Արամ Սարգսյանը ասացին` Պարույր Հայրիկյանն է, պատասխանեց. «վայ, էլի՞, էլի՞ Պարույր Հայրիկյանից է սկսվում»: Նախագահը նույնպես 6 կուսակցություններին լսել է և ասել է` «ես տագնապում եմ, որ սա աշխարհի որևէ այլ երկրում ընդունված չէ»,- պատմեց Պարույր Հայրիկյանը:

Ավելացնենք, որ Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ մտադիր է սկսել ժողովրդական ստորագրահավաք` հասնելու իր ծրագրի գոնե «դե յուրե» ընդունմանը:

Տեսանյութեր

Լրահոս