
Վրաստանի բանտերն այժմ առողջարան են հիշեցնում. Բիձինա Իվանիշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անընդունելի է համարել նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության հնչեցրած քննադատությունը՝ կապված ուղղիչ հիմնարկներում տիրող իրավիճակի հետ.
«Մենք տեղյակ ենք, թե նախկինում ինչ է տեղի ունեցել բանտերում, և այն փաստը, որ այսօր այդ (բանտերի խնդիրների) մասին խոսում են ՄԱՇ-ի ներկայացուցիչները, թող ծանրանա նրանց խղճին: Այսօրվա բանտերը կարելի է համարել առողջարաններ՝ համեմատած նախկին բանտերի հետ»:
Սրանից առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին էր անհանգստություն հայտնել վերջին շրջանում բանտերում գրանցված մահվան խորհրդավոր դեպքերի կապակցությամբ: Իսկ նրա կուսակից Ակակի Մինաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում բանտերը ղեկավարում են քրեական հեղինակությունները՝ պատիժների իրագործման նախարարության ղեկավարության հետ համաձայնությամբ: