Քիմիական զենքի կիրառումը մարդկության դեմ գործած հանցանք է. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը խստապես դատապարտել է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը՝ ընդգծելով, որ այդ սպանդը չի կարող լռության մատնվել.

«Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ը կոնկրետ միջոցներ ձեռնարկի Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ալևս բառեր չեն մնացել՝ նկարագրելու համար, թե ինչ է կատարվում Սիրիայում: Ներկայումս Սիրիայում են գտնվում ՄԱԿ-ի փորձագետները:

Նրանք պետք է առանց որևէ դժվարության տվյալներ հավաքեն տեղի ունեցածի վերաբերյալ և դրանք ներկայացնեն համայն աշխարհին: Քիմիական զենքի կիրառումը մարդկության դեմ հանցանք է: ՄԱԿ ԱԽ-ում մանևրների, որոշման ձգձգումների գինը կլինի շատ թանկ: Դա կխաթարի ՄԱԿ-ի ողջ համակարգը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, Ժանդարմերիայի նախկին հրամանատար Նեջդեթ Օզելը 1999 թվականի մայիսի 11-ին Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած քրդաբնակ Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանի Բալլըքայա գյուղի մոտ գրանցված բախման ժամանակ քիմիական զենք է կիրառել PKK-ականների դեմ, ինչի համար քրդերի շրջանում և ընդհանրապես Թուրքիայում հայտնի «Քիմիական Նեջդեթ» մականվամբ։

Քիմիական զենքի կիրառումն արգելված է 1899 թվականի Հաագայի կոնվենցիայով, որի 23-րդ հոդվածով արգելվում է այնպիսի զինամթերքի կիրառումը, որի միակ նշանակությունը հակառակորդի կենդանի ուժը թունավորելն է, ինչպես նաև 1925 թվականի Ժնևյան արձանագրությամբ ու 1993 թվականի՝ քիմիական զենքի մշակումը, արտադրությունը, կուտակումն ու կիրառումն արգելող Ժնևյան կոնվենցիայով:

Թուրքիան վերջինիս տակ իր ստորագրությունը դրել է 1993 թվականի հունվարի 14-ին: Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը (OPCW) անդամակցելու որոշումը Թուրքիայում վավերացվել է 1997 թվականի մայիսի 12-ին և ուժի մեջ մտել 1997 թվականի հունիսի 11-ին:

Տեսանյութեր

Լրահոս