Մարդիկ հասկանում են, որ կանգնած են երկընտրանքի առջև՝ կամ քոչելու են, կամ՝ ստեղծելու են երկիր, որտեղ ապրելը փառք է
ՀՀ գլխավոր դատախազության մոտ քիչ առաջ ՀԱԿ ակտիվիստների ազատության համար կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց. «Այսօր Հայաստանում ստեղծվող մթնոլորտից քաղաքացիների համբերությունը սպառվում է: Մարդիկ հասկանում են, որ կանգնած են երկընտրանքի առջև՝ կամ քոչելու են, երեխաներին ուղարկելու են ավելի հեռանկարային երկրներր, կամ իրենց ուժերով ստեղծելու են երկիր, որտեղ ապրելը փառք է, հաճույք, արժանապատվություն, երջանկություն»:
Նա նշեց, որ այն երկիրը, որի մասին երազում էին իրենք 24 տարի առաջ, այսօր չունեն հենց այն պատճառով, որ Տրգրան Առաքելյանը բանտում է. «Սա չափազանցություն չէ. եթե գոնե մեկ մարդ իր օրինական քաղաքական գործունեության համար նետվում է բանտ, նշանակում է՝ մենք բոլորս բանտում ենք, մեր երկիրը բանտում է: Եթե ոստիկանությունը զբաղված է սադրանքներով ակտիվիստների նկատմամբ, զբաղված է քաղաքական հետապնդումներով, նշանակում է, որ կոպտորեն խախտված է հռչակագրի 9-րդ հոդվածը: Եթե իրավապահ մարմինների ու զինված ուժերի ապաքաղաքականացումը գործեր, ինչպես պահանջում է հոդվածը, ապա մենք ոչ միան չէինք ունենա քաղբանտարկյալներ, այլև՝ հետապնդումներ, Մարտի 1, որովհետև դեմոկրատական Հայաստանում զինված ուժերը սեփական ժողովրդի դեմ երբեք չէին օգտագործվի»: