
Թուրքական հետախուզության ղեկավարը Մուրսիի պաշտոնանկությունից մոտ 10 օր առաջ գործուղվել էր Կահիրե

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը Եգիպտոսում իրականացված ռազմական հեղաշրջումից մոտ 10 օր առաջ մեկնել է Կահիրե: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով դա որակել է որպես «գաղտնի» դիվանագիտություն:
Վերջինիս խոսքերով՝ Հաքան Ֆիդանը համապատասխան առաջադրանքներ է ստացել վարչապետ Ռեջեփ Էրդողանից՝ կանխելու համար նախագահի պաշտոնից Մոհամմեդ Մուրսիի գահընկեցությունը:
Կահիրեում Ֆիդանը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, քանի որ Անկարան Եգիպտոսում ստեղծված իրավիճակը որակել է որպես «ճգնաժամային»:
Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը նույնպես հայտարարել է, որ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանը Մոհամմեդ Մուրսիին իրավիճակի լրջության զգուշացման համար նախապես մեկնել է Եգիպտոս:
Հաքան Ֆիդանը մի շարք առաջարկներ է արել եգիպտական կողմին. նա առաջարկել է նախարարական աթոռներ հատկացնել քաղաքական այլ ուժերի (ոչ «Մուսուլման եղբայրներին») ներկայացուցիչներին, օրինականությունն ամրապնդելու համար բաց գտնվել հասարակության համար, մեծացնել քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցությունները:
Ֆիդանը խորհուրդ է տվել ամրապնդել արտաքին աշխարհի, այդ թվում նաև Թուրքիայի հետ կապերը, և պետական առաջին այցերն իրականացնել դեպի ԱՄՆ ու Իրան: Ֆիդանը խորհուրդ է տվել կարգի բերել տնտեսությունը՝ բարձրացնելու համար ժողովրդի կենսամակարդակը, իսկ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար շեշտը դնել զբոսաշրջության զարգացման վրա:
Ֆիդանը նաև խորհուրդ է տվել ուշադրություն հատկացնել շրջակա միջավայրի պահպանմանը և Կահիրեն ազատել աղբից՝ խոստանալով , որ Թուրքիան այդ նպատակով կհատկացնի 150 աղբատար: Թուրքիայում պետական փորձառություն ձեռք բերելու համար խորհուրդ է տրվել բյուրոկրատներին կրթության ուղարկել Թուրքիա: