Բուդաղյանների փաստաբանը կփորձի հրապարակել Սուրեն Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած կրակոցների օրիգինալ տեսանյութը
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան բակում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ այսօր ՀՀ ՊՆ Քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով 2013թ. օգոստոսի 14-ին ստացվել է համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը: Համաձայն փորձաքննության եզրակացության՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին: Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել»: Հաղորդագրության հետ կապված ԳԱԼԱ-ն զրուցել է տուժող կողմի փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանի հետ: Նա նշել է, որ ըստ փորձաքննության` նախաքննության մարմնում գտնվող տեսանյութը մոնտաժված չէ, ինչը մենք՝ ընթերցողներս, դեռ չենք տեսել, սակայն ինչ վերաբերում է համացանցում հայտնված տեսանյութին, ապա փաստաբանը իր անկեղծ հարցն ուղղեց.
«Իսկ կա՞ ինչ-որ մեկը, որ մտածում է՝ համացանցում հայտնված տեսանյութը մոնտաժված չէ: Մոնտաժված տեսանյութ է տեղադրված եղել, որը համընկել է մարզպետարանի ու Կոստանյանի հայտարարության հետ, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են արել, զուգահեռաբար մոնտաժված տեսանյութ է տեղադրվել համացանցում, մեկը կա՞, ով կարող է ասել, որ համացանցում հայտնված տեսանյութը մոնտաժված չէ, դա ուղղակի անհեթեթություն կլիներ, երբ երկու տարբերակները համեմատում ենք, տեսնում ենք, որ իրոք մոնտաժված տարբերակն է տեղադրված»:
ԳԱԼԱ–ի հարցին՝ արդյոք նախաքննական մարմնի աշխատանքներին կխանգարի՞ այն հանգամանքը, որ օրիգինալ տեսանյութը տեղադրվի, և արդյոք տուժող կողմն ավելի հեշտ չի՞ իրականացնի պաշտպանությունը, փաստաբանը պատասխանել է. «Ես կփորձեմ հրապարակել տեսանյութը` առանց օրենք խախտելու»: