Այսուհետ հարկային պարտավորությունները հնարավոր է կատարել էլեկտրոնային (առցանց) եղանակով
ՀՀ ֆինանսների նախարարությունը համալրել է պետական վճարումների էլեկտրոնային (e-payments.am) համակարգը նոր ծառայությամբ՝ հնարավորություն ընձեռելով ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցներին, մանր և միջին ձեռնարկատերերին այսուհետ ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորություններն կատարել էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ առանց աշխատանքից կտրվելու և լրացուցիչ ժամանակ վատնելու: Այդ մասին օգոստոսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը:
Համակարգը առցանց վճարումների ժամանակ ստուգում է վճարողի կողմից մուտքագրված հարկատուի ՀՎՀՀ-ի և տվյալ հարկատեսակի գանձապետական հաշվեհամարի իսկությունը ՀՀ պետական ռեգիստրում գոյություն ունեցող ՀՎՀՀ-ների համապատասխան հենքի ու գանձապետարանում առկա գանձապետական հաշիվների հետ: Բացի այդ` համակարգ է մուտքագրվում (համակարգից ընտրվում է) նաև համապատասխան ՏՀՏ-ն, որից հետո միայն թույլատրվում է կատարել առցանց վճարում: Առցանց կատարված վճարումները ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշիվներին հաշվեգրվում են հաջորդ աշխատանքային օրը, եթե վճարումը կատարվել է մինչև գործառնական օրվա ավարտը, այսինքն 16:00, իսկ եթե կատարվել է 16:00-ից հետո, ապա մեկ աշխատանքային օր հետո, որի համար համակարգում կա համապատասխան հղում:
Համակարգն ի սկզբանե հնարավորություն էր տալիս էլեկտրոնային եղանակով վճարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական տուրքի կամ տեղական տուրքի և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարը, ինչպես նաև վարչական տուգանքները:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին