Նախորդ տարի ԵՄ-ը Հայաստանի զարգացմանը հատկացրել է ավելի քան 30 միլիոն եվրո
Europa.eu-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը հրապարակել է ԵՄ-ի արտաքին օգնության քաղաքականության իրագործման հերթական տարեկան հաշվետվությունը: Դրանում խոսք է գնում նախորդ տարի ԵՄ-ի կողմից Հարավային Կովկասի երկրներին հատկացված օգնության ծավալի մասին:
2012 թվականին ԵՄ-ը Հայաստանին հատկացրել է 31.810.000 եվրո, Վրաստանին՝ 91.820.000 եվրո, իսկ Ադրբեջանին՝ 20.370.000 եվրո: Զեկույցում նշված է, որ ԵՄ-ը «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում շարունակում է աջակցել Հայաստանին՝ բարեփոխումներ անցկացնելու համար արդարադատության, հանրային ֆինանսաների կառավարման (PFM), առևտրի ու կրթության ոլորտներում:
Բյուջետային աջակցությունը նպաստել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրագործմանը՝ հանգեցնելով դատական ծառայությունների մատչելիությանն ու որակի բարձրացմանը: Կառուցվել են դատական նոր շենքեր և իրականացվել է իրավաբանների վերապատրաստում:
Բյուջետային աջակցությունը կրթական համակարգին օգնել է հարմարվել աշխատանքային շուկայի ընթացիկ կարիքներին: Երկրում ավարտվել է 12 քոլեջի շինարարություն, մի շարք դասընթացներ են անցկացվել տնօրենների ու ուսուցիչների համար:
Ասոցացման մասին համաձայնագրում ներառվել է խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ձևավորումը: