
Սիրիան հատել է բոլոր կարմիր գծերը. Դավութօղլու

BBC-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ եվրոպական շրջագայության շրջանակներում Բեռլինում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է իր գերմանացի գործընկեր Գիդո Վեստերվելեի հետ:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն անդրադարձել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստին, ինչի հետևանքով տարբեր տվյալներով զոհվել է ավելի քան 1000 մարդ.
«Սիրիան հատել է բոլոր կարմիր գծերը: Անհրաժեշտ է, որ այդ գծերը գծած երկրները դրանք հատելու համար սկսեն պատասխանատվության ենթարկել: ՄԱԿ ԱԽ-ն այլևս չի կարող անտարբեր գտնվել այս թեմայով: Պետք է սահմանվեն ամենաուժեղ պատժամիջոցները: Եթե այս պահին դա չարվի, ապա հետագայում կիրականացվի ավելի արյունալի սպանդ»:
Հիշեցնենք, որ Դավութօղլուն, Բեռլինից բացի, այցելելու է նաև Լոնդոն ու Հռոմ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի նախագահ Բաշար Ասադին զգուշացրել էր, որ վերջինիս կողմից քիմիական զենքի կիրառումը կհանդիսանա «կարմիր գծի» հատում: Պաշտոնական Դամասկոսը հերքել է, որ ինքն է կիրառել քիմիական զենք: