Թուրքիան արտաքին քաղաքական դաշտում չի մնացել միայնակ. Դավութօղլու
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնել է եվրոպական շրջագայության, որի շրջանակներում այցելելու է Բեռլին, Լոնդոն և Հռոմ՝ կապված Եգիպտոսում և Սիրիայում տիրող իրավիճակի հետ:
Իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն հերքել է, թե Թուրքիան արտաքին քաղաքականության ոլորտում մնացել է միայնակ. «Դա միայն հակաթուրքական քարոզչություն է: 2012-2013 թվականներին Թուրքիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ում կատարվել է 5 քվեարկություն, որոնցից երկուսը կապված է եղել Պաղեստինի, իսկ երեքը՝ Սիրիայի հետ:
Պաղեստինի ճանաչման օգտին քվեարկել է 138 երկիր, իսկ դեմ՝ 3-ը: Ո՞վ է միայնակ մնացել: 2013 թվականի մայիսի 15-ին Սիրիայի վերաբերյալ քվեարկության ժամանակ գրանցվել է 107 կողմ և 12 դեմ: Միայնակ մնացել են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը:
Մենք միայնակ չենք մնացել նաև Եվրոպայում: ԵՄ-ի անդամ երկրներից Դանիան, Նիդերլանդները, Իտալիան, Շվեդիան ու Գերմանիան (հիմնականում) Եգիպտոսի հարցում ունեն նույնպիսի դիրքորոշում, ինչ որ՝ Թուրքիան»: