
Իրանի ժողովուրդը պատերազմից խուսափելու համար է քվեարկել Հասան Ռոուհանիի օգտին. Ռաֆսանջանի

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին (1989-1997) երկրի բժիշկների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը քվեարկել է Հասան Ռոուհանիի օգտին՝ պատերազմից խուսափելու համար.
«Իրանի ժողովրդին մտահոգել են երկրի ապագան, հավանական պատերազմի սպառնալիքն ու տնտեսական պայմանները: Նրանք քվեարկել են Ռոուհանիի օգտին՝ ցանկանալով փոփոխություններ տեսնել Իրանում:
Իրանի քաղաքացիները պետք է արժևորեն իրենց ձեռքբերումներն ու կամքը, որը ցուցադրվել է հունիսի 14-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ: Պետությունը պետք է միավորվի ժողովրդի հետ՝ կյանքի կոչելու համար նրա երազանքներն ու փոփոխելու համար երկրի ընթացիկ իրավիճակը»:
Ռաֆսանջանին նաև դատապարտել է երկրի առողջապահության ոլորտում տիրող իրավիճակը՝ ընդգծելով, որ դեղորայքի ու բժշկական ծառայությունների գներն իրանցիների համար մեծապես աճել են: