
Տնտեսական պատժամիջոցներն Իրանին չեն հարկադրի նահանջել իր միջուկային ծրագրից. Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է երկրի միջուկային ծրագրի խնդրին.
«Տնտեսական պատժամիջոցներն Իրանին չեն հարկադրի նահանջել իր միջուկային ծրագրից՝ չնայած Արևմուտքի հետ երկխոսություն հաստատելու վերաբերյալ նախագահ Հասան Ռոուհանիի վարչակազմի նոր մոտեցմանը:
Թեհրանը չի հրաժարվում իր սկզբունքներից, սակայն փոխում է մեթոդը: Մեր արտաքին քաղաքականության հիմքերը հստակեցված են Սահմանադրությամբ: Դրա հիմնական սկզբունքները չեն կարող ենթարկվել փոփոխության:
Ռոուհանիի կառավարությունը պաշտպանելու է համաշխարհային պետությունների հետ բանակցություններում խաղաղ ատոմի օգտագործման Իրանի իրավունքը: Մենք կտրականապես պաշտպանելու ենք մեր շահերը»:
Ներկայումս լուրեր են շրջանառվում, որ հենց Մոհամմադ Ջավադ Զարիֆն է դառնալու «Վեցյակի» հետ բանակցություններում Իրանի գլխավոր բանագնացը: