Բաժիններ՝

Վերջին 1.5 տարում թուրքական զորանոցներում գրանցվել է զինծառայողների մահվան 166 դեպք. Իսմեթ Յըլմազ

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ է ներկայացրել վերջին 1.5 տարում զորանոցներում գրանցված մահվան դեպքերի քանակի մասին:

Դա տեղի է ունեցել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչ, Մալաթիայից ընտրված պատգամավոր Վելի Աղբաբայի համապատասխան հարցումից հետո: Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե 2012-2013 թվականներին ինքնասպանությունների, վթարների և այլ պատճառներով որքան զինծառայող է զոհվել:

Իսմեթ Յըլմազի ներկայացրած տվյալներում նշված է, որ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում (1.5 տարում) զորանոցներում գրանցվել է տարբեր պատճառներով զինծառայողների մահվան 166 դեպք:

Դրանցից 108-ը բաժին է ընկել ինքնասպանություններին, 40-ը՝ զինված միջադեպերին, 1-ը՝ աշխատանքային դժբախտ պատահարին, իսկ մնացյալը 17-ը՝ բարձր տեղերից ընկնելուն, կռիվներին, թունավորումներին, ջրում խեղդվելուն:

Իսկ 10 տարվա (2002-2012) կտրվածքով զինված ուժերում գրանցվել է ինքնասպանության 934 դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս