Մենինգը նամակ է գրել Օբամային՝ խնդրելով ներել իրեն
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ WikiLeaks-ի տեղեկատու Բրեդլի Մենինգը, ով դատապարտվել է 35-ամյա ազատազրկման, կազմել է ներում հայցելու տեքստ, որն ուղարկելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Դևիդ Քումբսը:
Վերջինիս խոսքերով՝ Մենինգը նամակում գրել է. «Ես հասկանում եմ, որ իմ գործողություններով օրենք եմ խախտել, ես ցավում եմ, եթե դրանք ինչ-որ վնաս են պատճառել ԱՄՆ-ին:
Ես չեմ ցանկացել որևէ մեկին ցավ պատճառել: Ես միայն ցանկացել եմ օգնել մարդկանց: Երբ ես որոշեցի բացահայտել գաղտնի տեղեկատվություն, ես դա արեցի իմ երկրի հանդեպ տածած սիրուց և այլ մարդկանց հանդեպ ունեցած պարտքի զգացումից:
Եթե դուք մերժեք ներել ինձ, ես կկրեմ ազատազրկում՝ իմանալով, որ երբեմն ազատ հասարակությունում ապրելու համար ստիպված ես վճարել բարձր գին»:
Փաստաբանը, սակայն, չի հայտնել, թե Մենինգի նամակը կոնկրետ երբ է ուղարկվելու Օբամային: