Բաժիններ՝

Գյումրեցի երիտասարդները` «ԲԱԶԵ»-ում (լուսանկարներ, տեսանյութ)

Օրերս ավարտվեց «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը: Այս տարի այն անցկացվեց օգօստոսի 12-18-ը: Ծաղկաձորում հավաքվել էին շուրջ 500 շնորհալի երիտասարդներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Իրենց ելույթներով ու հաղթանակներով աչքի ընկան և փայլեցին գյումրեցի երիտասարդները:
Գյումրեցի Մելինե Ասատրյանի կատարումը դեռևս երկար են հիշելու բազեականները և երգի մրցույթի ժյուրիի անդամները: Tim De Beatz-ի «Ալո, ալո» երգի կատարմամբ նա դարձավ «Բազե 2013» երգի մրցույթի հաղթող:

Երգը յուրահատուկ էր նրանով, որ կատարումը ղարաբաղյան՝ հետաքրքիր ու տարբերվող բարբառով էր: Մելինեն ծնվել է 1994 թվականին Գյումրիում, ներկայումս սովորում է Երևանում,  Ֆրանսիական համալսարանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց «Բազեում» անցկացրած օրերի, իր և գյումրեցի երիտասարդների ելույթների մասին:

Baze Baze4 Baze2

– Մելինե, կպատմե ՞ս  «Բազեում» անցկացրած օրերի և ձեր նարնջագույն ճակատի մրցույթների արդյունքների մասին:

– «Բազեն» առաջին իսկ օրվանից արդեն շատ հետաքրքիր էր ու բազմաբովանդակ: Բոլորն անխտիր մասնակցում էին մշակութային, սպորտային կամ ինտելեկտուալ մրցույթներին ու խաղերին: Ես մասնակցեցի ինտելեկտուալ «Բրեյն րինգ» խաղին, նկարչության ու երգի մրցույթներին: Վերջինից ներճակատային մրցույթում գրավեցի 3-րդ պատվավոր հորիզոնականը և կարողացա մասնակցել նաև միջճակատային մրցույթին՝ ներկայացնելով մեր նարնջագույն ճակատը: Մրցույթի ժամանակ երգում էի Tim De Beatz-ի «Ալո, ալո» երգը` նոր մշակված իմ տարբերակով, կիթառի նվագակցությամբ: Երգս ամբողջ ճամբարում հիթ էր դարձել, բոլորն ամենուր «Ալո, ալո» էին երգում, այնքա՜ն հաճելի էր (ժպտում է.- հեղ.)

– Իսկ ի ՞նչ պրոֆեսիոնալ արձագանքներ ես լսել կատարմանդ մասին:

– Առավել հաճելի էր լսել երգի ժյուրիի անդամների՝ Աննա Մայիլյանի, Արամ Սաթյանի խորհուրդներն ու գովասանքի խոսքերը: Մասնավորապես Աննա Մայիլյանն ասաց, որ շատ անուշ ձայն ունեմ, շատ քաղցր եմ երգում, ու նշեց` «Ոնց որ չամիչ երգ լինի, նման երգերի շարքը դու պիտի շարունակես, անպայման»:

– Ինչպե ՞ս եղավ, որ հենց  «Ալո, ալո» երգն ընտրեցիր:

– Երգիս ընտրությունը շատ պատահական ստացվեց: Երգը պարտադիր հայերեն պիտի լիներ, ես էլ շատ փնտրեցի հայերեն երգեր, բայց ամեն մեկի մեջ ինչ-որ պակաս բան էի տեսնում: Ի վերջո, որոշեցի հենց «Ալո»-ն էլ երգել, որը շատ էինք սիրում ես ու ընկերներս:

– Տեղյա ՞կ ես, գյումրեցիներն ի ՞նչ արդյունքներ էին արձանագրել: Հաղթողներ և պատվավոր տեղեր գրավողներ, բացի քեզանից, կայի ՞ն:

Baze5

– Ամբողջ «Բազեում» յուրօրինակ տեղ էին զբաղեցնում մեր Ֆրանսիական համալսարանի ջոկատն ու մեր գյումրեցիները: Մերոնք առանձնանում էին ոչ միայն իրենց հումորով, ճարպկությամբ, այլև տաղանդավոր լինելով: Մեր ՀՖՀՀ-ի ջոկատից Վարդան Հովսեփյանը շախմատի ներճակատային խաղում գրավեց 3-րդ պատվավոր հորիզոնականը, իսկ արդեն միջճակատայինում ապահովեց մեր ճակատի հաղթանակը: ԳՊՄԻ-ի ջոկատից նկարչության մրցույթում կրկին 3-րդ տեղը գրավեց Մամիկոն Վարդերեսյանը:

Հ. Գ. Մելինեի հաղթանակից անմիջապես հետո նրա քույրը` Սարինե Ասատրյանը, իր ֆեյսբուքյան  էջում գրել է. «Գյումրեցիներն ամեն ինչ կարող են… Ժողովուրդ, քույրս «ԲԱԶԵ 2013» երգի մրցույթի հաղթողն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս