
Չհակասել ռուսական շահին

«ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց առաջ Հայաստանը պետք է համոզված լինի՝ արդյո՞ք այդ փաստաթուղթը հակասության մեջ չի մտնում մեր ռազմավարական դաշնակցի հետ,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, ապա ավելացրել,- Կհաջողվի՞ նման փաստաթուղթ ստորագրել` կլինի մեր դիվանագիտության հաջողությունը, հակառակ պարագայում մենք կունենանք բացասական հետևանքներ: Ասոցացման համաձայնագիրը, ըստ իս, Հայաստանին լրջագույն զարգացում չի ապահովելու, այս պատճառով ես կողմ եմ Եվրասիական միությանը ՀՀ անդամակցությանը»:
Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայանգրի ստորագրման հեռանկարներին, ապա Վ. Հարությունյանն ասել է. «Եթե ՀՀ-ն ստորագրի փաստաթուղթ, որը հակասի հայ-ռուսական պայմանագրերին և ռուսական շահին, ապա անխուսափելի են անցանկալի հետևանքները` գազի, կոշտ վառելիքի գնի բարձրացում, Ղարաբաղի հարցում ՌԴ դիրքորոշման փոփոխություն, կառաջանա խնդիր ՀՀ անվտանգության ապահովման հարցերում, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից կսահմանափակվի աշխատուժի մուտքը ՌԴ այն երկրների քաղաքացիների համար, որոնք Մաքսային միության անդամ չեն»:
Վաղարշակ Հարությունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: