
Սոֆիայում անհայտ անձինք ներկել են Խորհրդային բանակի հուշարձանը

Novinite լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սոֆիայում անհայտ անձինք վարդագույն գույնով են ներկել Խորհրդային բանակի հուշարձանը: Ակցիան անցկացվել է «Պրագայի գարնան» (1968) ճնշման հերթական տարելիցին:
Բացի այդ, հուշարձանի վրա բուլղարերենով ու չեխերենով թողնվել է «Բուլղարիան ներողություն է խնդրում» գրություն: Վարդագույնի ընտրությունը չի եղել պատահական: Դրանով իսկ ակնարկել են չեխ նկարիչ Դավիթ Չյոռնիի ակցիան:
1991 թվականին չեխ նկարիչը վարդագույն գույնով ներկել էր Պրագայում պատվանդանի վրա կանգնեցված խորհրդային տանկը: Այդ ակցիայի համար նրան կարճ ժամանակով կալանավորել էին: Արդյունքում տանկն ուղարկվել էր թանգարան:
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, որ 1954 թվականին Սոֆիայում բացված Խորհրդային բանակի հուշարձանը ենթարկվում է հարձակման: Վերջին միջադեպը գրանցվել էր 2012 թվականին: