
Իրանի ԱԳՆ-ը հաստատել է, որ Հասան Ռոուհանին Բիշքեկում հանդիպելու է Պուտինի հետ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ը հաստատել է, որ նախագահ Հասան Ռոուհանին մասնակցելու է Բիշքեկում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովին, որի շրջանակներում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «ՇՀԿ-ի գագաթաժողովը շատ կարևոր է մեզ համար: Նախագահը պլանավորում է երկկողմ բանակցություններ վարել գագաթաժողովին մասնակցող նախագահների հետ: Ռոուհանիի ու Պուտինի հանդիպումը գագաթաժողովում Իրանի ծրագրի գլխավոր կետերից մեկն է»:
Իրանական հեռուստաալիքն ընդգծում է, որ դա կլինի նորընտիր նախագահի առաջին արտասահմանյան այցը: Նախկինում Պուտին-Ռոուհանի հանդիպման պլանավորման մասին հայտնել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: ՇՀԿ-ի գագաթաժողովը Բիշքեկում անցկացվելու է սեպտեմբերի 13-ին: