
Մեծ Բրիտանիան մտադիր է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցը քննարկել ՄԱԿ ԱԽ-ում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի իշխանություններն այսօր խորին անհանգստություն են հայտնել Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին ստացված հաղորդագրության կապակցությամբ:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ իրենք մտադիր են այդ հարցը բարձրացնել ՄԱԿ ԱԽ-ում: Հեյգը Սիրիայի իշխանություններին կոչ է արել լուծել ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետների խմբի Դամասկոսի մոտ ուղարկելու հարցը, ուր ընդդիմության հաղորդմամբ՝ իշխանությունները կիրառել են թունավոր գազ:
Սիրիական ընդդիմությունը հայտարարել էր, թե Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհվել է մոտ 500 մարդ: Բացի այդ, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: Պաշտոնական Դամասկոսը հերքել է այդ տեղեկատվությունը: