
Չինական բանակի ստորաբաժանումը մտել է Հնդկաստանի տարածք

Հնդկական NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ չինական բանակի ստորաբաժանումը ներթափանցել է Հնդկաստանի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Արունաչալ-Պրադեշ նահանգի լեռնային շրջան (որը Չինաստանը համարում է իր տարածք) և ճամբար է դրել այնտեղ: Այս մասին հեռուստաալիքին հայտնել են նրա աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ չինացի զինվորականները Հնդկաստանի տարածք են մուտք գործել օգոստոսի 13-ին, ճամբար են դրել այնտեղ, իսկ մի քանի օր անց վերադարձել են այսպես կոչված փաստացի վերահսկման գծից այն կողմ, որը հանդիսանում է Չինաստանի ու Հնդկաստանի սահման՝ թեև պաշտոնապես այն սահմանագծված չէ:
Տվյալ շրջանում գտնվում է հնդկական սահմանապահ ոստիկանության 6 կետ, սակայն սովորաբար դրանք դատարկ են, քանի որ այնտեղ չկան ճանապարհներ և դրանց կարելի է հասնել միայն ոտքով:
Նշվում է, որ 1962 թվականի աշնանը սահմանային վեճերը վերաճել են երկու երկրների բանակների միջև սահմանային պատերազմի, որում հաղթանակ են տարել չինացիները: Վիճելի տարածքների խնդիրը ցայժմ լուծված չէ: