
Ամերիկացի գիտնականներին անհանգստացրել է մեծ թվով դելֆինների ափ նետվելու հանգամանքը

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականներին խորապես անհանգստացրել է ԱՄՆ արևելյան ծովափին դելֆինների անսովոր բարձր մահացությունը: Ընթացիկ տարում Նյու Յորք, Նյու Ջերսի, Դելավեր, Մերիլենդ ու Վիրջինիա նահանգներում հայտնաբերվել է 228 անշնչացած դելֆին:
Նրանք սատկել են այն բանից հետո, ինչ չպարզված պատճառներով հայտնվել են ափին: ԱՄՆ Մթնոլորտի ու օվկիանոսների հետազոտման ազգային վարչությունը հայտնել է, որ այդ թիվը քանիցս գերազանցում է տարեկան միջին ցուցանիշը և հանդիսանում է ամենաբարձր ցուցանիշը վերջին 26 տարվա ընթացքում:
Օրինակ, ողջ 2012 թվականին հայտնաբերվել է ափ նետված և անշնչացած 111 դելֆին: Վարչությունում անհրաժեշտ են համարել հատուկ հետաքննության անցկացումը, քանի որ տեղի ունեցածը կարող է հանդիսանալ ավելի լուրջ բնապահպանական խնդրի մասնիկը, որը վտանգ է ներկայացնում մարդկային առողջության ու բարեկեցության համար: