
ՄԱԿ-ը պետք է անհապաղ հետաքննի Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ կապված սիրիական ընդդիմության տարածած այն տեղեկատվության, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը քիմիական զենք են կիրառել ապստամբների նկատմամբ, ինչի հետևանքով զոհվել է մոտ 500 մարդ.
«Եթե ապացուցվի Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, ապա միջազգային հանրությունը դա պետք է համարի մարդկության դեմ գործած հանցանք: Դեռևս այդ երկրում աշխատող ՄԱԿ-ի փորձագիտական խումբը պետք է անհապաղ հետաքննի քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը»:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նաև նշված է, որ իրենց մեծապես անհանգստացրել է քիմիական զենքի կիրառմամբ հարյուրավոր մարդկանց զոհվելու մասին տեղեկատվությունը: Պաշտոնական Դամասկոսն արդեն իսկ հերքել է քիմիական զենք կիրառելը: