
Աբդուլլահ Գյուլն աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ արտահայտվելով ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման օգտին: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Գյուլն այդ մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի նոր դեսպան Իրակլի Կոպլատաձեի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս իր հավատարմագրերն է հանձնել Թուրքիայի նախագահին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ՝ ընդգծելով, որ Վրաստանն ու Թուրքիան հանդիսանում են բնական, բազմադարյա գործընկերներ, և որ այդ հարաբերությունները գնալով ավելի են խորանում ու ընդլայնվում:
Գյուլը, մասնավորապես, ընդգծել է հարաբերությունների ընդլայնումը տնտեսական, էներգետիկ, առևտրային, մշակութային ու սպորտային ոլորտներում: Գյուլը նորանշանակ դեսպանին խոստացել է օգնել երկկողմ հարաբերությունների խորացման հարցում: