
ԱՄՆ-ը հերքել է Եգիպտոսին օգնության հատկացումը կասեցնելու մասին տեղեկատվությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հերքել է ԶԼՄ-ներում շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե ԱՄՆ-ը դադարեցրել է օգնություն հատկացնել Եգիպտոսին:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը, որի խոսքերով՝ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ներկայումս միայն դիտարկում է տվյալ հնարավորությունը:
Սպիտակ տանը «ոչ ճիշտ» են համարել այն տեղեկատվությունը, թե ԱՄՆ-ը ժամանակավորապես սառեցրել է Եգիպտոսին ռազմական օգնություն ցուցաբերելը: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտնել էր The Daily Beast պարբերականը, որի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են գաղտնի պահել տվյալ որոշումը և պաշտոնապես չհայտարարել այդ մասին:
Հուլիսի վերջին Բարաք Օբաման հայտարարել էր Եգիպտոսին ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումը կասեցնելու մասին, իսկ օգոստոսի 15-ին (Մուրսիի կողմնակիցների ու ոստիկանության միջև արյունալի բախման հաջորդ օրը, որի ժամանակ զոհվեցին հարյուրավոր մարդիկ) չեղյալ էր հայտարարել Եգիպտոսի հետ ամենամյա համատեղ զորավարժությունների անցկացումը:
Եգիպտոսը ԱՄՆ-ից ստացվող ռազմա-տնտեսական օգնության ծավալներով զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Իսրայելին: 2013 թվականի ծրագիրը գնահատվել է 1.3 միլիարդ դոլար: