
Գերմանիան ու Իտալիան կասեցրել են Եգիպտոսին զենք մատակարարելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիան ու Իտալիան, չսպասելով ԵՄ-ի Խորհրդի որոշմանը, միակողմանիորեն կասեցրել են Եգիպտոս զենք արտահանելը: Այս մասին այսօր հայտնել են եվրոպական մի շարք ԶԼՄ-ներ:
ԵՄ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2011 թվականին, երբ գահընկեց արվեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, ԵՄ-ի երկրներն արտոնեցին Եգիպտոս ընդհանուր առմամբ 300 միլիոն եվրոյի զենք մատակարարելը:
Եգիպտոսին ռազմական տեխնիկա ու սարքավորումներ են մատակարարել Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Բելգիան, Չեխիան ու Բուլղարիան:
Այսօր Բրյուսելում մեկնարկում է ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպումը, որում պլանավորած է վերանայել ԵՄ-ի ու Եգիպտոսի փոխհարաբերությունները: