Բաժիններ՝

Բյուրականի ամառային դպրոցը մեկնարկել է

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Բյուրականի թվով 4-րդ ամառային դպրոցը, որը կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը: Այս անգամ ավելի ընդլայնված ամառային դպրոցին մասնակցում են 42 ուսանողներ, որոնցից 12-ը ներգրավվել են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետից: Մասնակիցների մյուս մասը ներկայացնում են ԵՊՀ միջազգային հարաբերությունների, ռոմանագերմանական բանասիրության, արևելագիտության ու ժուռնալիստիկայի ֆակուլտետները, Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը և Տուրիզմի հայկական ինստիտուտը:

Ամառային դպրոցի մասնակիցները կլսեն Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի, փոխտնօրեն Տիգրան Մաղաքյանի, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար Արեգ Միքայելյանի ու երիտասարդ աստղագետներ Հայկ Աբրահամյանի և Գոհար Հարությունյանի դասախոսությունները:

Ծրագրի առաջնային նպատակներից է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնելը Բյուրականի աստղադիտարանին և նրանում ներկայումս կատարվող գիտահետազոտական աշխատանքներին, ինչը հնարավորություն կտա ուսանողներին պատկերացնել իրենց հետագա մասնագիտացման հնարավոր տարբերակներից մեկը և ապագայում ճիշտ ընտրություն կատարել:

Byurakan

Կարդացեք նաև

 

Բյուրականի ամառային դպրոցի կազմկոմիտեի քարտուղար Գոհար Հարությունյանի խոսքով՝ ամառային դպրոցին զուգահեռաբար անցկացվում է նաև հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ակադ. Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված ՄԱՄ պաշտոնական գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին մասնակցող ուսանողների նախապատրաստական պարապմունքները. «Ուսանողներին տրվելու են ընդհանուր գիտելիքներ կազմակերպչական հարցերի մասով, բացի այդ նրանք ևս ստանալու են ընդհանուր տեղեկություններ աստղագիտության վերաբերյալ»:

Ամառային դպրոցի ծրագիրը հագեցված է Վիկտոր Համբարձումյանի և Բյուրականի աստղադիտարանի, Արեգակնային համակարգի, աստղերի, միգամածությունների, գալակտիկաների, տեսական աստղաֆիզիկայի եղանակների, աստղագիտական գործիքների և դիտողական եղանակների մասին դասախոսություններով: Գործնական պարապմունքները նվիրված են լինելու աստղագիտական տվյալների շտեմարանների կիրառմանը, աստղագիտական պատկերների և սպեկտրների մշակման և վերլուծության ծրագրային համակարգերին և այլն: Բացի այդ լինելու են գիշերային դիտումներ, ինտելեկտուալ խաղեր, աստղագիտական մրցույթ, մարզական խաղեր, էքսկուրսիաներ և այլ միջոցառումներ:

Հայկական աստղագիտական ընկերություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս