ԵՄ-ն անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից Ուկրաինային տնտեսական սպառնալիքներ հասցեագրելը
Ուկրաինական ZN.UA պարբերականի փոխանցմամբ՝ ԵՄ-ն անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից Ուկրաինային տնտեսական սպառնալիքներ հասցեագրելը:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ջոն Քլենսին հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից ուղղված տնտեսական յուրաքանչյուր սպառնալիք կապված է ԵՄ-ի հետ այդ երկրի Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ, ինչն անընդունելի է:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ը կասկածի տակ է դնում Ռուսաստանի հիմնավորումները՝ կապված ուկրաինական ապրանքի արտահանման սահմանափակման հետ: Քլենսին վերստին հնչեցրել է ԵՄ-ի դիրքորոշումը, որ «ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունների անցկացումն Ուկրաինային չի խանգարում կառուցողական հարաբերություններ զարգացնել Մաքսային միության և Եվրասիական տնտեսական տարածաշրջանի հետ»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն օգոստոսի 14-ից փաստացիորեն կասեցրել է ուկրաինական ապրանքների ներկրումը: Դրանից երկու օր առաջ՝ օգոստոսի 12-ին, Ուկրաինայի Նախարարների կաբինետը հրապարակել էր Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի տեքստը: Նույն օրն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն Արդարադատության նախարարությանը հանձնարարել էր պատրաստել այն օրինագծերը, որոնք անհրաժեշտ են այդ համաձայնագրի ստորագրման համար: