
10 տարում Թուրքիայում կրկնակի կրճատվել է ռազմական կարիքների հարցում արտերկրից ունեցած կախվածությունը. Մուրադ Բայար

Թուրքական Bugün թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Մուրադ Բայարն անդրադարձել է վերջին 10 տարում («Արդարություն ու զարգացում» կուսակցության ղեկավարման ժամանակ) պաշտպնական ոլորտում կատարված քայլերի մասին:
Բայարի խոսքերով՝ 2004 թվականին թուրքական ռազմական արտադրանքն ապահովել է երկրի զինված ուժերի ռազմական կարիքների 20 տոկոսը, մինչդեռ ներկայումս այդ ցուցանիշը հասցվել է 51.2 տոկոսի:
Բայարը հիշեցրել է, որ նախկինում իրենք մեծապես կախված էին օտար ընկերություններից, իրենք էին սնում Եվրոպայի պաշտպանական արդյունաբերությանը, իսկ այժմ պլանավորել են հասնել ինքնասպասարկման 100 տոկոսանոց մակարդակի:
Բայարը հավելել է, որ ներկայումս Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության շրջանառությունը հասել է 2.7 միլիարդ դոլարի, որից 853 միլիոն դոլարը կազմել է արտահանումը. «Եթե 10 տարի առաջ պաշտպանական արդյունաբերության ոլորտում իրականացվում էր 60 նախագիծ, ապա այսօր դրանց քանակը հասել է 350-ի»: