Թուրքիայի փոխվարչապետը քննադատել է Պարսից ծոցի միապետություններին՝ կապված Եգիպտոսի հետ
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը քննադատության է ենթարկել Եգիպտոսի հարևան երկրներին, որոնցում իշխում են միապետները՝ պնդելով, թե այդ երկրներն աջակցել են հեղաշրջման ռեժիմին:
Բոզդաղի կարծիքով՝ դա արվում է Եգիպտոսն ավելի լավ կառավարելու համար, քանի որ ավելի հեշտ է ղեկավարել խամաճիկ, քան ժողովրդավարական վարչակազմերը.
«Եգիպտոսի շուրջ կան բազմաթիվ միապետություններ: Դրանցում ապրող մարդիկ կարող են ասել. «Տեսե՛ք, թե ինչ մեծ հաջողություն ձեռք բերվեց Եգիպտոսում, ինչո՞ւ նույնը չի կարող տեղի ունենալ մեզ մոտ»:
Դրա համար էլ հասկանալի է, թե ինչու են միապետական կառույցները անհանգստացած Եգիպտոսում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ՝ կապված ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ժողովրդի կամքի հետ: Պետք է կույր լինել՝ դա չնկատելու համար:
Ժողովրդավարական մեթոդների շրջանակներում իշխանությունը տրվում է ժողովրդին, սակայն նրանք, ովքեր Սիսիին տվեցին իշխանություն, մշտապես կարող են հետ պահանջել այն:
Այդ պատճառով էլ դուք վերահսկում եք Սիսիին, նրա հակառակորդներին անվանում եք խռովարարներ, ահաբեկիչներ, նա գնդակահարում է նրանց: Դուք հասնում եք ձեր ցանկալի արդյունքին՝ առանց ձեր ձեռքերը թաթախելու»:
Բոզդաղը քննադատել է նաև Իսլամական Համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ)՝ Եգիպտոսի դեպքերի վերաբերյալ լռություն պահպանելու համար: Նա ընդգծել է, որ եթե ինքը լիներ ԻՀԿ-ի (թուրք) նախագահ Էքմելեդդին Իհսանօղլուի փոխարեն, ապա հրաժարական կտար: