Մասիսի չորս գյուղերի բնակիչներ փակել էին Արարատի մայրուղին

Այսօր Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի և հարակից երեք գյուղերի բնակիչները որոշ ժամանակով փակել էին Արարատի մարզի մայրուղին: Պատճառն այն է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման պատճառով այս գյուղերի բնակիչները զրկվելու են ուղիղ ճանապարհով Մասիսի քաղաք մտնելուց: Բացի այդ՝ չեն կարողանալու մայրուղու մյուս մասում գտնվող իրենց հողերը մշակել, քանի որ փակվելու է իրենց ճանապարհը, իսկ տարածքը շրջանցելու համար նրանք պետք է 10 կմ ավել ճանապարհ անցնեն: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:

Խնդրի վերաբերյալ գյուղացիների հետ զրուցելու է եկել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Մինչ մեր այնտեղ հասնելը մարզպետն արդեն հեռացել էր, սակայն բնակիչները դեռևս գտնվում էին մայրուղու վրա, և նրանք ԳԱԼԱ-ին տեղեկացրել են, թե ինչ է  իրենց ասել մարզպետը:

Մարմարաշենի բնակիչ  Սարգիս Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դեռևս դեկտեմբեր ամսին իսպանական շինարարական մի կազմակերպություն իրենց  համայնքին հրավիրել է ժողովի իրենց դպրոցի դահլիճում և բնակիչներին ներկայացրել են իրենց կազմած արագընթաց  ճանապարհի ծրագիր, որը պետք է անցնի  Մարմարաշեն համայնքով:

«Մենք էլ մեր դիտողությունները և մեր բողոքները ներկայացրեցինք, որ պետք է Մասիսի Մարմարաշեն գյուղի  ճանապարհի վրա լինի մի կամուրջ մի քանի կողմերով, սակայն արդեն անցել է ութ ամիս, և նրանք ոչ մի գործողություն չեն կատարել այդ ուղղությամբ: Եվ այդ պատճառով  համայնքի ժողովուրդը  բարկացած է, տրամադրությունը լարված է, և դուրս է եկել ճանապարհը փակի, որպեսզի վերադասը գա լսի մեր պահանջները: Մենք 700 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունենք, և պետք է գետնանցում լինի, որ անցկացնենք մյուս կողմը արածեցնելու համար: Քսան օր առաջ մեր գյուղի  ազատամարտիկներից մեկը  իր սեփական  անասունը ճանապարհն անցկացնելուց մեքենան խփեց մահացավ: Թուրքի գնդակից չզրկվեց՝  զրկվեց մի անփույթ վարորդի կողմից: Եթե լիներ գետնանցում, անասունը կանցներ այդ գետնանցումով: Մարզպետը մեզ ասաց, որ  իրենք մեր պահանջները կներկայացնեն կառավարությանը, որից հետո այդ  հարցին ընթացք կտան: Ես առայժմ վստահ չեմ, թե հարցը կլուծվի, բայց սպասենք»,- ասել է Սարգիս Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Մարմարաշենի մեկ այլ բնակիչ Արմեն Մարտոյանն էլ տեղեկացրել է, որ իրենց մարզպետը խոստացել է մինչև սեպտեմբերի 2-ը այդ  հարցին լուծում տալ:

«Եթե չէ, մեր մյուս համայնքի բնակիչների հետ միասին, միահամուռ կանգնելու ենք այս երեխուց մինչև մեծ ծերունի փակելու ենք այս մայրուղին: Մարզպետը մեզ տղամարդավարի խոստացավ, որ այս խնդիրը  վերջնական  լուծում կունենա»,- ասել է Արմեն Մարտոյանը:

Մարմարաշենցի ազատամարտիկ  Աբրահամ Ադոյանն էլ իր խոսքում ասել է, որ 5 տարի պայքարել է մեր հողերի համար, այսօր այս հողերը իրենց  ձեռքից ուզում են վերցնել:

«Եթե կամրջակը չկառուցվի, մենք կտրված ենք լինելու Մասիս քաղաքից, և  ոչ  միայն Մարմարաշենը, այլև ամբողջ Արտաշատից մինչև Նոր Կյուրի համայնքը  կտրվում են Մասիս քաղաքից, գումարած՝ մենք ո՞նց անցնենք մեր հողատարածքները մշակելու, եթե լինելու է  արագընթաց ճանապարհ: Մարմարաշենցին նստի իր հողերի համար լացի, որ ինչ-որ մեկն իր բիզնեսը զարգացնի: Մեր Մարմարաշեն համայնքում 90 տոկոսը ազատամարտիկներ են, և այդ ազատամարտիկներին զրկում են  իրենց իրավունքներից: Սա այն միջոցն է, որ իր երեխային պետք է պահի՝ զրկում են»,- ասել է Ադոյանը:

Կայքը զրուցել է նաև Մարմարաշենի գյուղապետ Էդիկ Հակոբյանի հետ, ով նշել է, որ խնդրի հետ կապված ինքն իր  կողմից  բազմաթիվ նամակներ է գրել ու  ահազանգել  համապատասխան կառույցներին, բայց դրական պատասխան չի  ստացել, իսկ ժողովուրդն էլ իրենից է պահանջում:

«Այսօր արդեն վերջնական դանակը ոսկորին է հասել, և քանի որ ոչ մի դրական լուծում չի տրվում, ստիպված ժողովուրդը իր ձայնը բարձրացրել է և ճանապարհն է  փակել: Ասեմ, որ ահազանգերից հետո մեզ միացավ Արարատի մարզպետ Էդիկ  Բարսեղյանը և ժողովրդին ասաց, որ մի քիչ էլ սպասեն՝  մինչև սեպտեմբերի 2-ը, և  հարցի լուծումը կտա: Գյուղապետերի հետ մեր գյուղի ակտիվիստների հետ հարցը տեղում  կբարձրացնի, եթե չլինի՝ մենք գնալու ենք ծայրահեղ քայլերի: Ժողովուրդն է պահանջում, արդարացի պահանջ է, ես էլ եմ միանում իմ ընտրողներին և նրանց ես  հակառակ չեմ կարող գնալ: Ես էլ հող ունեմ, չեմ կարողանա մշակել, տեխնիկա չեմ կարող մտցնել, պետք է 10 կմ շրջանցեմ, որ գնամ այդ հողը մշակելու, անիմաստ բան է դա»,- ասել է Էդիկ Հակոբյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Մասիս քաղաքը նախկին շրջկենտրոնն է, որի հետ հարակից գյուղերը անմիջականորեն են կապված: Մասիսում են գտնվում բոլոր կարևոր կառույցները, շտապօգնության ծառայությունը, հիվանդանոցը, ոստիկանությունը, դատախազությունը, արտակարգ իրավիճակների կառույցը և կարևոր հաստատություններ, որոնք սպասարկում են այդ գյուղերը, իսկ այս ճանապարհի կառուցման պարագայում իրենք կտրվում են Մասիսից արագ օգնություն ստանալու հնարավորությունից: Շատերը նույնիսկ ոտքով էին գնում Մասիս: Եթե փակվի, ինչպե՞ս է լինում, գնալու են շրջանցելու Այնթափ գյուղո՞վ: Դրա համար էլ արևաբույրցին, ջրահովիտցին, նորկյուրինցին և մեր գյուղացիները միացան: Բոլորինը նույն պահանջն է, ինչի՞ շրջանցել և երկարացնել իրենց ճանապարհը: Ես մի քիչ լավատես եմ մեր կառավարության հանդեպ,  իմ կարծիքով մարզպետը, որ միջամտելու է,  հարցին լուծում կտրվի, մի տասը օր սպասենք, տեսնենք ինչ կլինի»,- ասել է Մարմարաշենի գյուղապետը:

Տեսանյութը՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս