Հայաստանը ձեռք է բերել չինական AR1A համալիրներ
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 130 կիլոմետրի:
Կայքի աղբյուները, սակայն, չեն նշում համալիրների կոնկրետ թիվը՝ հավելելով, թե խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին, որոնք համարվում են ռուսական նմանատիպ Смерч համալիրների արդիականացված տարբերակը, ավելի հեռահար են, քան Смерч-ները, և որոնց մշակման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Ռուսաստանի ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկությունները:
Վերջերս, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել Смерч համալիրներ:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է AR1A նոր համալիրների ձեռքբերման մասին տեղեկությունը:
«ՀՀ ԶՈՒ-երը մշտապես համալրվում են նորագույն զինատեսակներով և բարձրացնում են մարտունակությունը: Այդ ձեռքբերումների մասին հանրությունը իրազեկվում է պարբերաբար: Մենք ունենք համալրման և ձեռքբերումների մեր հստակ պլանները և հետևում ենք դրանց»,- ասել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, թե նոր սպառազինությունների ձեռք բերման գործում Հայաստանի ռազմական գերատեսչությունը շեշտը դնելու է հեռահար և ճշգրիտ համակարգերի վրա: