
Սիրիայի քրդերը սպանել են Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցներին. Fırat

Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Jabhat al-Akrad (Քրդական ճակատ) խմբավորման ղեկավար Հաջի Ահմադը հայտնել է, որ Հալեպ-Բաբ-Ազզազ եռանկյունում գտնվող քրդական 117 գյուղեր ենթարկվել են «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումների և Սիրիական ազատ բանակի (FSA) մի շարք բրիգադների հարձակմանը:
Հարձակումն իրականացվել է այս տարվա հուլիսին Թուրքիայում FSA-ի ավելի քան 70 հրամանատարների մասնակցությամբ անցկացված հանդիման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:
Հաջի Ահմադը հայտարարել է, որ իր զինյալները սպանել են Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) երկու ներկայացուցչի, ինչը տեղի է ունեցել Սադ Շահաբի շրջանում (ուր գտնվում են քրդական գյուղերը) օրեր առաջ գրանցված բախման ժամանակ:
Նա խոստացել է, որ սպանված թուրք հետախույզների անունները կհրապարակվեն առաջիկա օրերին՝ ընդգծելով, որ այդ անձանց ներկայությունը հանդիսանում է քրդերի դեմ հարձակումներ կազմակերպելու մեջ Թուրքիայի ունեցած դերակատարության ապացույց: